գիտեմ, բայց մեր մեջ չանցնիր։ Քու Վասիլիդ ականջին այլընդայլո բաներ մը հասեր են, բայց խելքը չի հասնիր կոր, որ աստեղ մեծ ֆապրիքաներ չի կան։ Մենք ալ օր մը մեր ֆապրիքաները կունենանք, հարյուրներով բանվոր կունենանք, ան ատեն ասպարեզը բաց է։ Ըրեք ինչ որ կրնաք, «սահման քաջաց, զենք յուրյանց»․․․ ան ատեն ձեր հասակը կտեսնենք, բայց այսօր այդ բաներուն խոսքը ընելը անգամ հանցանք է։ Ժամանակները հղի են, թողեք, որ ծնելիքը իր օրին ծնի։
— Իմ խելքս ատ բաներուն չի հասնիր կոր,— ըսավ Խաչիկը։
— Տղա՛ս,— հարեց Զարեհ էֆենդին ավելի եռանդով,– մենք աս երկրին մեջ բուռ մը մարզիկ ենք, որ ակռաներնիս սեղմած, մեր արյունեն արյուն քաշելով կդիմանանք կոր հույներու, ֆրենկներու մրցումին։ Իսկ ինչ որ ավելի կարևոր է, թուրքերու մրցումը կսկսի կոր․ հուրիյեթեն ի վեր թուրքերը փոխված են, հիմակ առևտրի ճամփան բռնած են, վաղը մյուս օր ֆաբրիքաներ կբանան։ Ճիշտ է, դեռ ատ գործերուն մեջ խակ են, բայց կհասուննան և հետո, կառավարությունը նեցուկ է իրենց։ Գիտե՞ս ինչ կպատահի, երբ թուրք աոևտրականները սկսին ճակատ֊ճակատի մրցիլ մեզ հետ․․․
Բարպային մտքին մեջ երկմտություն առաջ եկավ։ Անիկա խոր հառաչեց, թաշկինակովը ճակատը սրբեց և ըսավ անհաստատ ձայնով․
— Ես եկեր եմ Ապոստոլին համար, ուրիշ բան չեմ գիտեր։
Այդ միջոցին Զարեհ էֆենդին ցնցվեցավ, և ճերմակ շունը սկսավ վազել դեպի դուռը։
— Վահեվանյան էֆենդին է,— ըսավ ան,— օսմանյան խորհրդարանի անդամ,— և ընդառաջ գնաց հյուրին։
Բարպան կտագնապեր, որ դեռ ըսելիքը չէր ըսած, ինչպես որ համաձայներ էր ըսել՝ Վասիլի հետ խորհրդակցելե հետո։ Մյուս կողմանե, փուշերու վրա էր։ Իր ամբողջ ուզածը այն էր, որ ըսելիքը ըսեր, դուրս գար, ազատ շունչ քաշեր։ Բայց Զարեհ էֆենդին հյուրը կբերեր դեպի մայրիները։ Երբ անոնք սեղանին առաջ հասան, Բարպան ոտքի ելավ։