օտար ընկերությունները, որոնք տարբեր քաղաքական նպատակներ կհետապնդեին, հենարան կընտրեին առավելապես երկրին քրիստոնյա ազգաբնակչության ներկայացուցիչները, որոնք, շնորհիվ սահմանադրական ռեժիմին, ստացեր էին հավասարազոր դիրք, և որոնցմե ոմանք դարձեր էին օսմանյան երկրին ազդեցիկ դեմքերը։
Զարեհ էֆենդին մեծ հարգ կընծայեր Գարեգին Վահեվանյանին։ Անիկա կհիանար Գարեգինի լայն հեռանկարներուն վրա, որոնք ապագային զանազան տեսակ շահերու մեծ դաշտեր կբանային գործի մարդոց առաջ։
Բայց ինչ որ Վահեվանյանի բարեկամական հարաբերությունը թանկագին կդարձներ, այն էր, որ անիկա գործի կապեր ուներ օտար դեսպանատուներու հետ և հարկ եղած ատեն կրնար աջակցիլ Զարեհ էֆենդիին՝ Արիստաքիի ձեռքեն խլելու համար եվրոպացի հաճախորդներ։ Զարեհ էֆենդին, ընդգրկելով հանդերձ ապագա ծրագիրները, աչքե չէր հեռացներ առօրյա, նույնիսկ մանր շահերը։ Անիկա իր սեղանավոր հորմեն ընդուներ էր և կպահպաներ այն նշանաբանը, թե՝ «Կաթիլ, կաթիլ, լիճ կըլլա»։
— Լավ որ եկաք,— ըսավ անիկա Վահեվանյանին, երբ տեղավորվեցան սեղանին շուրջը,— մենք պզտիկ վեճ մը ունեինք Խաչիկին հետ, գործ է, կըլլա, այդ վեճերը չեն նսեմացներ մեր բարեկամությունը,— ըսավ ան, պատրաստի ժպիտը դարձնելով Բարպային։— Մեր պատվական բարեկամ Վահեվանյան էֆենդին, ոչ միայն ազգասեր մարդ է, այլև ողջամիտ։ Կրնա՞նք ձեր դատաստանին հանձնել մեր խնդիրը,— ավելցուց Ճիզվիտը, մորուքին ծայրը դարձնելով Վահեվանյանին։
— Կաղաչեմ, խոսեցե՛ք,— ըսավ անիկա՝ համակերպած։
Վահեվանյանը մերժեց Զարեհ էֆենդիին հրամցուցած սիգարեթը։ Անիկա լյարդի հիվանդություն ուներ և բժիշկի պատվերով ստիպված էր հրաժարիլ ծխախոտե, խահվեե և ալկոլ պարունակող որևէ ըմպելիքե։ Անիկա պետք էր, որ նաև շատ չափավոր ըլլար ուտելիքի մեջ, բայց այդ վերջին պատվերը չէր կրնար պահել։ Հակառակ որ կսարսափեր մահեն։