Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարեհ էֆենդին մանրամասն բացատրեց Ապոստոլին արկածը, և՛ հայ, և՛ հույն, երկու արհեստանոցներու աշխատավորներու ձեռնարկած հանգանակությունը։ Հետո հայտնեց, թե ինքը անհարմար կգտներ, որ Դըրջանը կամ անոր մարդիկը իրենց քիթը մտցնեին իր աշխատանոցին մեջ պատահած դեպքի մը առիթով։ Բարպան լուռ կլսեր, բայց իր ուշադրութենեն չի վրիպեցավ, որ Վահեվանյանը հետզհետե հետաքրքրվեցավ։

— Թույլ կուտա՞ք,— ըսավ Վահեվանյանը Զարեհին,— որ քանի մը հարցումներ ուղղեմ մեր բարեկամին։

— Կաղաչեմ, Գարեգին էֆենդի, կաղաչեմ,— մրմնջեց Զարեհը։

Վահեվանյանը մտերմական ձև մը առավ և իրանը դեպի առաջ հակելով հարցուց Բարպային.

— Ուրեմն, երկաթագործ բանվորները հարկ եղած ատեն կմիանան որևէ նպատակի մը շուրջ։

— Միայն երկաթագործները չեն,— ըսավ Բարպան,— մեր գործի մեջ ատաղձագործներ ունինք, ներկող, կահավորող, լվացող․․․ ամենքն ալ կմիանան երբ պետք ըլավ:

— Ուրեմն, ընկերություն կազմած ե՞ք։

—Ո՛չ,— ըսավ Բարպան,— կազմված և տևական ընկերություն դեռ չունինք։

— Բայց, թերևս,— առարկեց Վահեվանյանը,— ձեր արհեստավոր ընկերները անհատապես կպատկանին քաղաքական կազմակերպություններու։

— Ո՛չ, այդպես բան չի կա,— ըսավ Բարպան։

— Թերևս գաղտնի կպահեն։

— Մեր արհեստավորները գաղտնիք չունին իրարու համար,— ըսավ Բարպան։— Ատանկ բաներու ետևե չեն, ես ամենքն ալ կճանչնամ, ատանկ միտք մը եթե ունենային, ինձի կխոսեին։

— Այդ ճիշտ է,— միջամտեց Զարեհ էֆենդին, երկու ձեռքերը իրար շփելով,— Խաչիկը ամենուն վստահությունը կվայելե, այդ է պատճառը, որ Բարպա կկոչեն զինքը:

— Բարպա՞, ինչո՞ւ Բարպա և ոչ թե քեռի,– հարցուց Վահեվանյանը։