Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս չի կրնար մնալ այդ խնդիրներեն, որոնք արդեն, ուզե թե չուզե, կազդեն իր վիճակին, իր ճակատագրին վրա․․․ ներեցեք․․․ ներեցեք․․․ թողեք որ խոսքս վերջացնեմ․․․ եթե վաղը, մյուս օր խնդիր մը ծագի, չեն ըսեր ասոնք թուրք, հայ, հույն արհեստավորներ են, այլ կըսեն՝ սա հայ է, սա թուրք է, սա հույն է և ըստ այնմ կդատեն։ Այդ պարագային գործատերը և աշխատավորները նույն բախտին կարժանանան, դիցուք իբրև հայ․․․ Այդ տեսակետեն պետք է դիտել խնդիրները և այդ կարգի վտանգներու դեմ պետք է պաշտպանվիլ․․․ ազգովին․․․

Վահեվանյանի վերջին խոսքերուն Զարեհ էֆենդին հավանության նշաններ կըներ, իսկ Բարպան նախ տագնապի մատնվեցավ և հետո՝ ուսերը թոթվեց և ըսավ․

— Կարելի է դուք ճիշտ կխոսիք, բայց այդ խնդիրները չի կան մեզի համար։ Մինչև հիմա էսնաֆը ապրեր է իր յուղին մեջ տապկվելով։ Նեղը մնացած օրերնուս, ազգ, մազգ, հեչ մարդ մեջտեղ չի ելեր, նորեն մենք մեզի օգներ ենք․․․ իմ հույն ընկերս ավելի մոտ է ինձի, ես ալ իրեն, քան թե ազգը։ Հիմակ մենք մեր գործին նայինք․․․ Եթե Ապոստոլին ոտքը կտրվի, անկարող ըլլա աշխատելու, ո՞վ պիտի հոգա այդ խեղճին։

— Իր ազգը,— ըսավ Զարեհ էֆենդին, կարծես իրեն նետված գնդակ մը ետ արձակելով։

— Ո՛չ, դուք պիտի հոգաք, ձեր պարտավորությունն է,— ըսավ Խաչիկը, կաս֊կարմիր կտրելով և կարծես մեծ բեռե մը ազատվելով։

— Ո՞վ, ե՞ս,— հարցուց Զարեհ էֆենդին կես-հեգնական, կես֊մաղձոտ։

— Այո՛, դուք,— ըսավ Խաչիկը,— այդպես վճռեր են մեր արհեստավորները։

— Խաչի՚կ, Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին կշտամբանքով,— այդ ո՞ր արհեստավորները, Դըրջանները, չէ․․․ աղվեսը պոչը կցուցնե կոր արդեն։

— Մենք ալ, անոնք ալ, և եթե դուք այդ պարտականությունը հանձն չառնեք․․․

— Ըսե՛․․․ ըսե՛․․․ լեզվիդ տակը գիտեմ ինչ կա․․․