Էջ:Բարպա Խաչիկ.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հույն բանվորները այդ անունը տվեր են Խաչիկին,— ըսավ Զարեհ էֆենդին։

— Ա՛հ֊հա՜․․․— բացականչեց անիկա,— ուրեմն, հայ և հույն բանվորները միասի՞ն կգործեն․․․

— Հարկավ,— պատասխանեց Բարպան,— մեկ գործի մարդիկ ենք, նույն հոգերը ունինք, մեր մեջ բնավ խտրություն չի կա։ Չենք ալ մտածեր, թե ո՞վ է հայ, ո՞վ է հույն:

— Ա՛հ֊հա՜, — կրկնեց Վահեվանյանը և Զարեհ էֆենդիին դառնալով՝ հարցուց.— և դուք անհարմա՞ր կգտնեք, որ հայ և հույն միասին․․․

— Ես կըսեմ որ,— պատասխանեց Զարեհ էֆենդին,— իմ արհեստանոցիս հույները, որոնք մեր հացը կուտեն, թող մասնսկցին հանգանակության, բայց Արիստաքիի մարդիկը անկարելի է, որ իրենց գրպանեն դրամ տան առանց հետին միտքի․․․

— Դուք մեզի չեք կրնար հասկնալ,— ըսավ Բարպան՝ համոզված շեշտով։

Վահեվանյանը խոր ակնարկ մը նետեց Բարպային վրա, որ, հոնքերը բարձրացուցած, սկսավ նոր սիգարեթ մը ոլորել։

— Այս խնդրին մեջ,— ըսավ վերջապես Վահեվանյանը,— երկուքդ ալ արդարացի եք և երկուքդ ալ սխալ եք։ Ես անպատեհություն չեմ գտներ, որ երկու արհեստանոցներով աշխատավորները միանան, բայց ո՞ր աշխատավորները։ Դեռ լավ կըլլա, որ ուրիշ թաղերու ուրիշ աշխատանոցներու արհեստավորները միանան, մեծ ընկերություններ կազմեն. ատոնց կըսեն արհեստակցական միություններ։ Բայց այդ ընկերությունները պետք է ըլլան ազգային, հույները՝ առանձին, հայերը՝ առանձին։

Զարեհ էֆենդին ուզեց իր խոսքը ըսել, բայց Վահեվանյանը թույլ չի տվավ։

— Ներեցե՛ք, ներեցե՛ք․․․ այս երկրին մեջ բաղկացուցիչ տարրերը ուրիշ խնդիրներ ունին, բոլորովին տարբեր, նույնիսկ հակամարտ հարցեր դրված են անոնց առաջ։ Ամեն մեկ ազգը ազգային օրգաններ ունի, զանազան ընկերություններ՝ հայտնի կամ թաքուն նպատակներու համար։ Արհեստավորը