Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չոր հացի մը փարա կհաներ, ախտեր էր, ան ալ էյուպի մեջ։ Ես ոտքիս դնելիք ոտնաման մը չունեի, նալըններով դպրոց կերթայի մարս ալ թուրքերուն տունը լվացք կըներ․․․ հե՜յ գիտի ժամանակներ․․․

Վահեվանյանը, դառնալով դեպի Գալուստ աղան, քանի մը հարցումներ ուղղեց․

— Մորեղբայր մը ունեի, Դեմիրճի Թադոս կըսեին, սամաթիացի էր. մորս մահեն ետքը ինձի քովը առավ, գործի մտցուց․ «Ծո՛,— ըսավ անիկա,— ամենեն առաջ հացի մը փարան հանելու ճամփան գտնելու է։ Ուսմունքը ի՞նչ պիտի ընես, տիրացու պիտի ըլլա՞ս, մի վարժապետ»։ Շիտակը ըսելով, մորեղբայրս աղեկություն ըրավ ինձի։ Ետքը ուստա Հովսեփին քով մտա․ երբ ամուսնացա, չոլուխ–չոճուխի տեր եղա, խալֆա էի։ Ուստան ամեն գործերը ինձ կվստահեր։

Զարեհ էֆենդին բաժակները լեցուց և ոտքի կանգնելով ըսավ․

— Այս գավաթը պարպենք Գալուստ աղայի կենացը, որ աղքատության մեջ ծնելով, հաջողեր էր մեծատուն դառնալ շնորհիվ իր աշխատասիրության և խնայասեր ըլլալուն․․․ Բարեկամներ,— ըսավ ան, բաժակը կարկառելով,— Գալուստ աղան, որ այսօր մեր պատվական ազգայիններեն մեկն է, երասանակներով գացեր է դպրոց, այս ի՞նչ կցուցնե․ ասիկա կցուցնե, որ մեր բախտը մեր ձեռքն է։ Մինչդեռ,– ավելցուց անիկա, պահ մը լռութենե հետո,— այսօրվան մեր արհեստավորները իրենց խելքը, միտքը դրեր են ուրիշ բաներու վրա, իրենց հույսը կապեր են մտացածին բաներու, ընկերություն, կազմակերպություն կըսեն, դեռ ուրիշ բաներ ալ կըսեն և ուշադրություն չեն ըներ իրենց գործին, իրենց առաջդիմության․ այդպե՞ս է, Խաչի՛կ,— ըսավ անիկա, հանկարծ Բարպային դառնալով։— Է՛հ, ուրեմն, խմենք, Գալուստ աղա, քու պատվական կենացդ։

– Կենդանություն և շնորհակալություն,— ըսավ Գալուստ աղան՝ ամեն կողմերե երկարած բաժակներու իր բաժակը զարնելով։

— Է՛հ, հիմակ քու պատմությունդ շարունակե,– ըսավ Զարեհ էֆենդին ծերունիին։