— Ի՞նչ պատմեմ. դուք գիտեք, որ մեր գործը թուրք վյուքելային հետ էր։ Ինչե՜ր, ինչե՜ր քաշած ենք ատոնց ձեռքեն։ Հիմակվան ժամանակը գործ ունենալը հարսնիք է, բայց ատ խավար օրերուն․․․ Վյուքելան աղեկություն մը ունի, որ պազարլըխ չըներ․ դեռ մեր ուզածեն էվելէվելոք, երկինք, երկիր կխոստանայինք, բայց երբ վճարելու ժամը կուգար, մեջտեղը մարդ չի կար․․․ Օղլում,— ըսավ Գալուստ աղան՝ Բարպային ուդղվելով,— փաշա, փոշայի դռներուն առաջ եսիր մուրացկան դարձած եմ, ուստա Հովսեփը երբ նեղը մնար, ինձի կղրկեր առնելիքներեն բան մը փրցնելու համար․ «Դուն բոլիթիքա ունեցող մարդ ես, անոնց լեզվեն կհասկնաս», կըսեր ինձի։ Սուտ խոսողին աչքը քոռնա, ատեն եղած է, որ փարա առնելու տեղ աղվոր ծեծ մը կերած եմ․․․ աս մազերս պարապ տեղը չեն ճերմկած, ինձմե քեզի կտակ. օր մը եթե ուզես քու գլխուդ գործի տեր ըլլալ, նայեք որ ատ շուն ու շնվորին հետ գործ չունենաս․․․ Կառքը էսնաֆը չառներ, հայու հետ ալ գործ չես ունենար․ մեր հարուստները այդ գստոն չունին, որ անձնական կառք ունենան․ աս ալ ըսենք, որ շատ սալթանաթ ալ չեն կընար ընել, գլուխնուն կզարնեն․․․ Հույները ավելի կճտորեն կոր, բայց նորեն ան չէ․․․
— Հիմակ, սահմանադրության հռչակումեն ի վեր,— միջամտեց Վահեվանյանը,— ամեն օսմանցի, առանց ազգի խտրության, կառք ալ կրնա ունենալ, սալթանաթ ալ կընե․ ո՞վ կհամարձակի գլխուն զարնել։
Գալուստ աղան այդ կարծիքին չէր։ Այդ մասին անվերջ վեճ կունենար Վահեվանյանին հետ, որուն երբեք չէր միջամտեր Զարեհ էֆենդին, բայց առանձին եղած ատեն երկուքին ալ իրավունք կուտար։ Ճաշը իր վերջավորության կմոտենար, և այժմ կխոսեին թուրք վյուքելայի անկումի հետևանքով հառաջ եկած տագնապի մասին։
— Լսեցի,— ըսավ Գալուստ աղան,— որ Արիստաքին հանրային պարտուց վարչության հետ կոնտրատ կապեր է՝ անոնց կառքերը շինելու և նորոգելու համար։
Զարեհ էֆենդին անզգալի ցնցում մը ունեցավ։