Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին րոպեին տիկին Զարուհին ոչ միայն հավաներ էր Զարեհ էֆենդիին, այլև կհանդիսանար քաջալերող և եռանդուն աջակից այդ ամուսնական ծրագրի հաջողության։ Տանը մեջ ինքն էր, որ ոգևորությունով կընդուներ Ժորժը– Գևորգին Ժորժ կըսեին իր մտերիմները,— կհյուրասիրեր, ճաշի և ընթրիքի կհրավիրեր, կջանար պտույտներ կազմակերպել, որոնց միջոցին կջանար երկու նշանածները մինակ թողուլ։ Անիկա կապահովցներ Ժորժը՝ Արուսյակին իր նշանածին հանդեպ ունեցած «քաղցր» զզացումներու մասին։ Տիկին Զարուհին կվստահեցներ Ժորժը, որ Արուսյակի առերևույթ ցրտությունը պետք է վերագրել երիտասարդ աղջկան առած դաստիարակության՝ այդ հպարտ մոր ձեռքին տակ, բայց, մանավանդ, անոր անփորձության և անմեղության։ Եվ թեպետ ան գիտեր Արուսյակի կրավորականությունը, բայց, նախազգուշության համար, կհորդորեր Ժորժը իր կարգին վերապահ ըլլալու։

Կենսուրախ և ինքնավստահ Կյուլենցը առանց այդ խորհուրդներու ալ մտատանջության մեջ չէր Արուսյակի մասին։ Անիկա սորված էր ավելի ուշադիր ըլլալ իր սեփական տրամադրության, քան թե այն կիներուն, որոնց հետ ժամանցներ ունեցած էր։ Անիկա առատաձեռնությամբ կամ թանկագին նվերներով կվարձատրեր կիները և ավելի երկար չէր մտածեր անոնց մասին։ Ճիշտ է, Կյուլենցը կանդրադառնար, որ Արուսյակի համար ունեցած զգացումը ուրիշ բնույթ ուներ, անիկա երբեմն նույնիսկ կզարմանար ինքզինքին վրա, թե ինչպես հրապուրվեցավ այդ նիհար և դժգույն աղջիկեն, որա հետ ամուսնանալուն մեջ որևէ շահ չուներ, բայց, վերջապես, կնոջ հանդեպ վերաբերմունքի սովորություններ ուներ, որոնք զինքը զերծ կպահեին այն մտատանջություններեն, որ նման դրությունը պետք էր ներշնչեր նվազ ինքնագոհ մարդու մը։ Բայց Կյուլենցը, իր նշանածեն հեռու, երբ կխորհեր անոր սև և բարակ հոնքերուն, անոր ճերմակ ճակատին և երկայն թարթիչներու արագ բաբախումին, սիրտը կլեցվեր հուզմունքով և իրեն համար դեռ անծանոթ ցանկություններով։ Բայց Արուսյակի ներկայության այդ զգացումները կմեղմանային, և անիկա անձնատուր կըլլար իր զվարթության և կխոսեր ու