Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկատակեր մեկին և մյուսին հետ, նույնիսկ թեթև ծաղրանքի առարկա դարձնելով տանը մեջ տիրող արարողական քաղաքավարությունը և իր տրամադրության միայն ընկեր գտնելով տիկին Զարուհին։ Իսկ տանը մեջ միակ անձը, որմե կակնածեր և որմե նույնիսկ տեսակ մը վախ կզգար, իր ապագա զոքանչը՝ տիկին Մաքրինեն էր։

Տիկին Մաքրինեն միակ աղջիկն էր Հովհաննես էֆենդի Երեմյանի, որ Կ․ Պոլսո ֆինանսական աշխարհին մեջ բարձր պաշտոններ վարած էր և որ հայտնի դեմք էր հասարակական կյանքի մեջ։ Անիկա իր ուսմունքը առած էր Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանին մեջ և Ալիշանի աշակերտած էր։

Տասնութ տարեկանին Մաքրինեն, որ Հովհաննես Երեմյանին միակ զավակն էր, իր ամուրի մորեղբորը՝ Քերովբե էֆենդիին տանը մեջ, որ պետական պաշտոնատար էր մաքսային տեսչության, ծանոթացավ երիտասարդի մը, և իրար սիրեցին բուռն սիրով։ Այդ երիտասարդը՝ Ժակ Ապայան, կպատկաներ թունդ կաթոլիկ ընտանիքի և որուն հայրը ժամանակով, իբր հասունական, պայքարեր էր Հովհաննես էֆենդիին դեմ։ Երբ այս վերջինը հավատափոխ դարձեր էր, Ապայանը համարեր էր ինքզինքը արժան մարդ և իր կարելի բոլոր միջոցներով ջանացեր էր, որ Հովհաննես էֆենդին խայտառակվի։

Երկու սիրատարփ պատանիները, սնած ռոմանտիկական վեպերով, անցան ռոմեո–ջուլիետական բոլոր խավերեն։ Ժակի հայրը հասեր էր կատաղության գերագրգռության, երբ լսեր էր, որ իր տղան կուզե ամուսնանալ իր անձնական և կրոնական թշնամիին՝ հավատափոխ Հովհաննեսի, աղջկանը հետ, որ, ի լրումն չարյաց, շնորհքով դրամօժիտ ալ չուներ։ Իրիկուն մը, երբ Հովհաննես էֆենդին թյունելի վագոնը մտեր էր՝ Բերա բարձրանալու համար, Ապայանը խուռն բազմության առաջ հարձակեր էր անտեղյակ Հովհաննես