Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ միայն ընկերները, որոնք մեծ մասամբ հույն էին, այլև կինը և առհասարակ իր ծանոթները Բարպա Խաչիկ կկոչեին Միհրանին մորեղբայրը։

—Ան մեր ամենուս բարպան է,— կըսեին երիտասարդ և ծեր բանվորները, ամեն անգամ որ խնդիր մը և հոգ մը ունենային և վստահությամբ կապավինեին Խաչիկին։

Բարպա Խաչիկը չուշացավ գալու և հասկնալով, որ բան մը կա, անմիջապես առաջնորդեց Սահակը և տղան արհեստանոցի ետևի գերեզմանատունը, ուր նստեցին տապանաքարի մը վրա։

Հայրը Բարպային հրամցուցած ծխախոտի տուփը առնելով, սիգարա մը կոլորեր և միևնույն ատեն հոգնած ձայնով կպատմեր կնոջը հիվանդության մասին։ Անոր ձայնը երբեմն կխզվեր, և արցունքի կաթիլներ կփայլեին թարթիչներուն վրա։ Բարպա Խաչիկը, անոնց դիմաց ոտքի կեցած, հետզհետե կմռայլեր. մեկ հոնքը վեր թառած, աչքերը խոնարհած, ան լուռ կլսեր և չտեսնել կձևցներ անոր արցունքները։

— Չոճուխին համար հոգ մ'ընեք,— ըսավ ան, վերջապես,— թող հիմակուհիմա մեզի հետ մնա։

Եվ քառասուն փարա տվավ Միհրանին, որ երթա մոտակա կրպակե մը շաքարեղեն գնե իրեն համար։

Բարպան գործը ավարտելե ետքը ձեռքերը և երեսը լվաց, շապիկին օձիքը և փողկապը դրավ, բաճկոնը հագավ, ֆեսը անցուց իր խնամքով սանտրած գլխին և Միհրանին ձայն տվավ, որ միասին դուրս ելլեն։ Արհեստանոցին մեջ մուրճերու հարվածները նվազած էին, բայց դեռ չէին դադրած։ Ատաղձագործներու սղոցները կկռնչեին կարծր փայտե տախտակներու վրա։ Դուրսը ժխոր էր, «կործանում», Միհրանի՝ արվարձաններու լռության սովոր ականջներուն համար։ Տրամվայները անվերջ կերթևեկեին, և մարդոց բազմությունը հետզհետե կխտանար մայթերու վրա։