Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր վաղուց այլևս մեռել չէին թաղեր, գաղտնիք չուներ անոր համար։ Այնտեղ Միհրանը կգտներ Յորկին, բանվոր Վասիլի որդին, և ուրիշ տարեկից տղաքներ, որոնց հետ մինչև իրիկուն անձնատուր կըլլային ամեն կարգի խաղերու։


Երբ արհեստանոցի հևքը և ժխորը կդադրեր, մորեղբայրը Միհրանը կտաներ տուն, որ Թաթավլայի հունական թաղի մեջ էր, և կհանձներ կնոջը, Վիկտորյային։

Վիկտորյան միշտ Միհրանը կընդուներ աղմկալի խանդավառությունով և քանի մը օր տղան կսնուցաներ այնքան առատ քաղցրեղեններով, որ վերջապես ան կհիվանդանար և կվերադառնար ծնողքին մոտ, քիթը կախ, բայց գրպանները լի չոր միրգերով, հագուստները նորոգված և միտքը խճողված հրաշալի դրվագներով։

Բայց այս անգամ Միհրանի ճամփորդությունը դեպի Բանկալթի զուրկ էր սովորական ոգևորութենեն։ Անիկա կհիշեր մորը զուսպ հուզումը, երբ անոր ձեռքը կհամբուրեր մեկնելու պահուն։ Պատանին չէր կարող մոռնալ անոր թախծալի նայվածքը, երբ դռան սեմին վրա անգամ մըն ալ նայեր էր մայրիկին։ Մնաց որ հորը թանձր տխրությունը բավական էր մթագնելու իր տրամադրությունը։ Ան տղուն հետ կխոսեր հեզությամբ, ինչպես եթե հանցավոր ըլլար, բայց ավելի շատ լուռ կմնար և հաճախակի կարմիր թաշկինակը կհաներ գրպանեն և իր կոշտացած ու այրուցքներե սպիացած մատներով ճակտի քրտինքը կսրբեր։ Երբեմն ալ խոր կհառաչեր և իր սև ու հուսահատ աչքերով կարծես շուրջ բոլորը եղող անծանոթ մարդոցմե օգնություն կփնտրեր։

Ծանր և անորոշ հոգ մը կքարանար Միհրանի սրտին վրա։ Անիկա գիտեր, որ աղետ մը կսպառնար իրենց ընտանիքին, բայց քանի կհեռանային տունեն, հակառակ իր կամքին, կարծես կթեթևնար և հետզհետե ուշադրությունը կսևեռեր արտաքին աշխարհին վրա։


Այն օրը, երբ հասան Բանկալթի և մտան աշխատանոցը, Միհանին այրը շվարած մնաց, մեկ քանի բանվորներ, որ կճանչնային զիրենք, թողուցին աշխատանքը, եկան իրենց մոտ և հայտնեցին, որ Բարպան նոր դուրս եկած էր, բայց շուտով կվերադառնար։