ազգականներդ, օգտվելով օրենքի մեկ հիմար տրամադրութենեն—մայրդ մեռեր է եղեր մեծ հորմեդ առաջ,— քեզ կուզեն կոր զրկել քու իրավունքեն։
— Այդ ճիշտ է,— մրմնջեց Սմբատը:
— Իսկ ես կմտածեմ կոր մեր սիրասուն Մաննիկին, որ, շիտակը կուզե՞ս, աղջկանս պես կսիրեմ։ Տե՛ս, քեզի բան կըսեմ կոր, ես ինչո՞ւ իմ ողջ գլուխս կդնեմ կոր Ավետարանի տակ, ոչ թե քեզի համար, ինչո՞ւ մեղքս պահեմ, այլ մեր վարդի պես գեղեցիկ Մաննիկին համար։
— Ես պաշտոնյա մարդ եմ,— ըսավ Սմբատը՝ դեռ դիմադրելով,— եթե դատ բացվի և այդ խարդախությունը մեջտեղ ելլա, ես բոլորովին կկործանիմ։
— Ատիկա խարդախություն չեմ համարեր, ես ալ պատիվ ունեցող մարդ եմ, Սմբատ,— ըսավ Զարեհ էֆենդին,— քանի որ ամեն մարդու իրավունքն է իր գտած միջոցներով ինքզինքը պաշտպանել։ Բայց և անիկա մեջտեղ չելլար։ Ես չեմ խոստովանիր, դուն չես խոստովանիր, իսկ այն պաշտոնյան, որ թվականները պիտի վավերացնե, երբեք չի խոստովանիր, որովհետև պարզ է, որ կաշառքով պիտի ընե։
— Ի՞նչքան կուզե կոր,— հարցուց Սմբատը։
— Դուն մի մտահոգվիր, ես կկարգադրեմ, ետքը հաշիվը կտեսնենք, ատիկա անկարևոր բան մըն է, հիմակ նայինք, որ մեր Մաննիկին օժիտը ազատենք։
— Բայց դուն կկարծե՞ս, որ մյուս ժառանգորդները հալած յուղի պես պիտի կըլլեն այդ ենթադրյալ պարտքս։
— Տե՛ս, Սմբա՛տ,— ըսավ Զարեհ էֆենդին,— ես ամեն բան մտածեր եմ։ Հարկավ թե չպիտի ընդունին, թերևս ալ չպիտի հավատան, բայց օրենքի առաջ ի՞նչ կրնան ընել։ Մեկ բան։ Թե դուն իրավունք չունեիր տունը իբրև գրավ տալու։ Հետո՞։ Նեղը մնացեր, այդ ապուրը կերեր ես։ Այստեղ խաբվողy ես եմ։ Իմ տված դրամիս փոխարեն տունը կա, չէ՞: Ես ալ տխմար չեմ, փաստաբանս կունենամ, քեզի դեմ անգամ դատ կբանամ, բայց վերջապես տանը կտիրանամ։ Կա՛մ դրամս, կա՛մ տունը։ Անգամ մը որ տիրանամ, պարզ է, կդարձնեմ Մաննիկին վրա։ Շատ-շատ, քանի որ