անչափահաս է, ես պիտի ըլլամ խնամակալը։ Բայց հավանական է, որ ազգականներդ, տեսնելով որ տան արժեքին փոխարենը առեր կերեր ես— կըսենք, որ խաղամոլ ես, ի՞նչ կա, ատիկա պատվավոր մարդու մոլություն է,— իրենց առագաստները կիջեցնեն։ Անոնք գիտեն, որ ինձի պես մարդու պոչին կոխելը անվտանգ բան չէ, և հeտո ի՞նչ պիտի շահին: Այստեղ Եվրոպա չէ, շեյխ-ուլ֊իսլամը անգամ կարելի է ձեռքին մեջ ունենալ․․․ Վերջապես,— եզրակացուց Զարեհ էֆենդին,— այս գործը ես իմ վրաս կառնեմ կոր։
Սմբատը պարտամուրհակները ստորագրելե հետո պաշտոնով գնաց Ռումելի։ Շնորհիվ երկրին ներքին քաղաքական խառնակություններուն, Սմբատի ազգականները հետաձգեր էին այդ խնդրի կարգադրությունը լավագույն օրերու։ Այդ հետաձգման մեջ Զարեհ էֆենդին անմասն չէր: Անիկա անուղղակի միջոցներով թելադրեր էր Սմբատի ազգականներուն, որ ժամանակը չէ այդ գործը դնել հրապարակի վրա: Բռնապետական կառավարությունը պատրվակ կփնտրեր իր թաթը դնելու վիճելի հողերու վրա, նույնիսկ Պոլսո մեջ։
— Աղվեսը և գայլը կռվի բռնվեր են, առյուծը թաթը դրեր է ավարին վրա, ասոնք մտածելիք բաներ են,— ըսեր էր, Զարեհ էֆենդին:
Սմբատ էֆենդին մեռավ Ռումելիի մեջ, սահմանադրության հռչակումեն քիչ առաջ։ Տիկին Զարուհին, իր ամուսինին պատվերով, ամբողջովին ապավինեցավ Զարեհ էֆենդիին։ Անիկա իր աղջկանը հետ կբնակեր Բերա, ուր տան մը մեջ երկու սենյակ վարձեր էր։ Ռեժին, ըստ օրենքի, կենսաթոշակ հատկացուցեր էր Սմբատի այրիին և աղջկանը, բայց հաճախ տիկին Զարուհին նեղը կմնար այն ատեն Զարեհ էֆենդին գումար մը փոխ կուտար անոր։ Զարեհ էֆենդին այցելության կերթար երիտասարդ այրիին, որուն կենսուրախ բնավորությունը, հաճոյակատարությունը զինքը կհանգստացնեին իր սեփական տանը մեջ տիրող վերապահ քաղաքավարութենեն և տանը անդամներուն մեջ եղող ցուրտ հարաբերություններեն։ Զարեհ էֆենդին մտերմաբար կգանգատեր իր կնոջմեն, անոր ցուրտ կեցվածքին և գոռոզության համար։