— Ես մինչև հիմա դեռ չեմ հասկցած,— կըսեր ան,— թե ինչ կուզե Մաքրինեն, ինչե՞ն դժգոհ է, ի՞նչ կփափագի։
Զարեհ էֆենդին այլևս կուգար գրեթե ամեն օր տիկին Զարուհիին, ոչ թե գործի համար, այլ մտերմությամբ։ Կհաներ կոշիկները, կհագներ հանգիստ մուճակներ և բազմոցին վրա նստած, որ իրեն կհիշեցներ մորենական տունը, կենթարկվեր տիկին Զարուհիի սիրալիր հոգածության։ Երբեմն մաննիկը կնստեր ծունկերուն վրա, և Զարեհ էֆենդին կհարցներ.
— Այսօր մոբարը ի՞նչ է բերեր Մաննիկին․․․
Եվ գրպանեն կհաներ Հաջի Բեքիրի շաքարեղեն կամ որևէ ուրիշ նվեր։
— Դուն իմ կինս պետք էր ըլլայիր,— ըսավ իրիկուն մը Զարեհ էֆենդին, և երկուքն ալ մնացին երազուն։
Վերջապես, անոնց հարաբերությունները դարձան բոլորովին մտերմական։ Երբ Մաննիկը, որ արդեն իսկ կհասկնար, թե պետք չէ խանգարե մայրիկը, կերթար մյուս սենյակը պառկելու, Զարեհը և Զարուհին ջերմապես կհամբուրվեին և ինչպես իրենք կըսեին, կջանային «իրարմով մխիթարություն գտնել»։
Այդ մտերմական ժամերեն մեկուն մեջ Զարեհ էֆենդին ըսեր էր, թե իր նպատակն է Մաննիկը հարս առնել Արտակին համար։ Այս փայլուն հեռանկարը ավելորդ կդարձներ տիկին Զարուհիի կողմե հետաքրքրվել Բերայի տան մասին։
Սահմանադրության հռչակումեն անմիջապես հետո Զարեհ էֆենդին, օգտվելով իր բարձր դիրքեն և ամենօրյա հարաբերություններեն օրվան կառավարության անդամներուն հետ, հաջողեր էր, պարտամուրհակներու հիման վրա, Բերայի տունը դարձնել իր անվան։ Մյուս ժառանգորդներու գանգատները խեղդվեր էին փողոցեն անցնող աղմկալի թափորներու ժխորներուն մեջ, և Զարեհ էֆենդին, իրավունք ստանալեն ետքը, պատշաճ ճառ մը ըսեր էր նոր Թուրքիո դատավորներուն արդարամտության վրա, որով պայմանավորված է, ըսեր էր ան, երկրին բարգավաճումը և բարձրացումը:
Զարեհ էֆենդին հայտներ էր տիկին Զարուհիին, որ տան խնդիրը վճռված է ի նպաստ իրենց, թե հիմակ կմնա այդ