ընդունեց այդ ծրագիրը, բայց մայրը իրեն պատվիրեց զգուշություն և սկսավ խիստ պատվերներով ուղղություն տալ անոր վարմունքին։
Զարեհ էֆենդին շատ լավ գիտեր, որ Արտակը չէր կարող քաղցր ըլլալ Մաննիկի հետ, բայց այդ չէր, որ զինքը կմտահոգեր։ Խնդիրն այն էր, որ տիկին Զարուհին իր կողմեն նշմարեր էր Արտակի անհաղթելի ցրտությունը և Զարեհ էֆենդիին հետ սրտաբաց խոսելով՝ որոշեր էր այլևս իր աղջկան մեջ չսնուցանել զգացում մը, որ փոխադարձ չըլլալուն, կրնար աղետաբեր ըլլալ աղջկանը համար։ Լուսնյակ գիշեր մը, երբ ամենքը քնած էին, Զարեհ էֆենդին և տիկին Զարուհին մինչև ուշ ատեն մնացին պարտեզի սեղանին շուրջ և խոսակցեցան։ Անգամ մը ևս Բերայի տան չարաբաստիկ խնդիրը եկավ հրապարակ։ Տիկին Զարուհին քաշվելով, բայց վճռականապես խոսեցավ այդ մասին։ Մաննիկի միակ հարստությունը, անոր ապագայի գրավականը այդ տունն էր և ինքը, իբր մայր, չէր կրնար անփույթ ըլլալ աղջկանը շահերուն։
Զարեհ էֆենդին ըսավ.
— Ի՜նչ ըսել է, դուն Մաննիկին մայրն ես, ես ալ սեպե թե հայրն եմ. անոր շահերը մեր երկուքիս համար ալ նվիրական են. անշուշտ ձևականություն մը կա կատարելիք, այդ տունը պետք է փոխանցենք Մաննիկի անվան, այդ կընենք։
Բայց Զարեհ էֆենդին կավելցներ, թե ինքը դեռ չէ հրաժարած Մաննիկը ամուսնացնելու Արտակին հետ։ Դեռ շատ փոքր էին, և Արտակը ոչ միայն մորը ազդեցության տակ էր, այլև կապված էր Արուսյակին։ Եթե օր մը Արուսյակը ամուսնանար, Արտակը, բնականաբար, Մաննիկին պիտի ապավիներ, իբր քույր անշուշտ, բայց վերջապես քույրը չէր, երիտասարդական զգացումները մնացածը կընեին և, ինչ որ կարևոր էր, այլևս անբաժան կմնային։
— Առանց քեզի,— ըսավ Զարեհ էֆենդին,— կյանք չի կա ինձ համար։ Աս տանը մեջ ապրողը միևնույնն է, որ ողջ-ողջ գերեզման մտնա։
Հետևյալ առտուն Զարեհ էֆենդին, սուրճը խմելե հետո տիկին Զարուհիին հետ առանձնանալով, հայտնեց անոր.
— Դուն այլևս Մաննիկին հետ մեր տունը կմնաս։