Էջ:Բարպա Խաչիկ.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հապա Մաքրինե՞ն․․․— առարկեց տիկին Զարուհին։

— Կուզե համաձայնի, կուզե չհամաձայնի,— ըսավ Զարեհ էֆենդին,— ես եմ տանը տերը։ Այսօր իսկ կհայտնեմ իրեն։ Աղեկ կըլլա, Զարուհի՛, աղեկ կըլլա, Մաննիկը պետք է միշտ Արտակի աչքին տակ ըլլա։

Տիկին Զարուհին, քիչ մը թեթևամիտ, հրապուրված Զարեհ էֆենդիին տունը տեղավորվելու հեռանկարեն, ուր կմտածեր, թե իսկական տանտիրուհին ինքը պիտի ըլլար, չի խորհեցավ, որ այդ կարգադրությամբ անգամ մըն ալ կհետաձգվեր Բերայի տան մասին կատարվելիք ձևականությունը, առանց հաշվելու, որ Զարեհ էֆենդին այլևս վարձքերը չէր հանձներ տիկին Զարուհիին։

Տիկին Մաքրինեն բուռն կերպով դիմադրեց, բայց այս անգամ հանդիպեցավ նույնքան վճռական որոշման։ Այր ու կին նույնիսկ ծանր խոսքեր փոխանակեցին իրար հետ:

— Կամ ես, կամ ան,— ըսավ տիկին Մաքրինեն,— պետք է ընտրես։

— Իմ ընտրությունս ըրած եմ,— պատասխանեց Զարեհ էֆենդին։

— Ուրեմն, ինձ կմնա տունեն հեռանալ։

— Ինչպես որ կուզես, ճամփան բաց է։

Տիկին Մաքրինեն չհեռացավ տանեն, երթալիք տեղ չուներ, հայրը և մորեղբայրը շատոնց մեռած էին, և հետո հազար արգելքներ կային. զավակները, անոնց ընկերական դիրքը, նյութական խնդիրներ և այլն։ Մաքրինեի բոլոր ունեցածը ամուսնույն գործին մեջ էր, անոր ձեռքն էր։ Այդ բոլորը շատ լավ հաշվեր էր Զարեհ էֆենդին, և տիկին Մաքրինեն մնաց՝ կուլ տալով իր արժանապատվության վիրավորանքը, ավելի առանձնանալով իր սենյակը, հեռանալով նույնիսկ իր զավակներեն, որոնք ոչ միայն ժամանակի ընթացքին հաշտվեր էին կացության հետ, այլև որոշ հատկություններ կգտնեին տիկին Զարուհիի մոտ, որոնք իրական էին, և վերջապես, իրենց բարոյական շահերը կանջատեին իրենց ծնողներու շահերեն։

Այն տարին, ամառանոցային եղանակեն հետո, տիկին Զարուհին իր աղջկանը հետ փոխադրվեցավ Զարեհ էֆենդիի