Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերայի տունը և անմիջապես իր հետ ուրախ կյանքը սկսավ այնտեղ։ Բացի գործի հյուրերը, ամեն իրիկուն կհավաքվեին, թղթախաղի սեղանը իր հաճախորդները ուներ, երիտասարդներ և երիտասարդուհիներ կզբաղեին երաժշտությամբ, պարտիներ կկազմակերպեին, ջոջ տիկիններ կբերեին Բերայի բամբասանքները, իսկ տիկին Զարուհին կորոներ և կգտներ զանազան վայրերու մեջ հանդիպած և հյուրասիրած կառավարական և այլ պաշտոնյաները։ Տանը իսկական բնակիչները դարձեր էին Զարեհ էֆենդին և տիկին Զարուհին, որովհետև տիկին Մաքրինեի համար կըսեին, թե միշտ հիվանդ է, Արուսյակը դարձեր էր ա՛լ ավելի անտարբեր, իսկ Արտակը կձգտեր մոտենալ մորը՝ առանց հաջողելու, որովհետև տիկին Մաքրինեի արձանային անայլայլությամբ դեմքը հազիվ թե գույն և շարժում կստանար, երբ կընդուներ Ժակի այցելությունը, որը հետզհետե կդառնար հազվադեպ:

Ահա այդ պայմաններու մեջ է, որ ներկայացեր էր Գևորգ Կյուլենցի թեկնածությունը։ Արտակը և մայրը անմիջապես դեմ եղեր էին, բայց անոնք իրենց կարգին զինաթափ կըլլային Արուսյակի կրավորականության առաջ։ Մինչդեռ տիկին Զարուհին և Զարեհ էֆենդին ամեն ջանք կընեին ի կատար ածելու այդ ամուսնությունը, որուն մեջ երկուքն ալ իրենց տարբեր շահերը ունեին: Արտակը կթուլացներ իր դիմադրությունը, որովհետև անիկա իր կարգին մտեր էր երիտասարդական տագնապի շրջանի մեջ, որը հաջորդաբար կարտահայտվեր տարբեր ձևերով։

Տասնվեց տարեկանին Արտակը, իր ինքնուրույնությունը, իր անհատական անկախությունը ավելի հաստատելու համար, կապեր ունեցավ ուրիշ աշխարհական դպրոցներ հաճախող պատանիներու հետ։ Այդ հարաբերություններու մեջ Արտակի ստացած դաստիարակությամբ բնություն դարձած սովորությունները կհանդիպեին անգիտակից կոպտություններու, հաճախ Արտակը արյունելու աստիճան կվիրավորվեր այդ ռամիկ տղոց խոսելու, վարվելու, բայց մանավանդ