զբաղած է տանջող մտածումներով։ Անիկա կկարծեր, թե ինքը կոչված է դեր մը կատարելու, բայց ի՞նչ դեր, ի՞նչ նպատակի համար, չէր կարող բնորոշել։
Այդ անծանոթ և անորոշ դերին պատրաստ ըլլալու համար Արտակը կուզեր ինքզինքը կատարելագործել։ Անիկա իր մեջ կզսպեր բոլոր ախորժակները։ Երբեմն, առանց պատճառի, ինքզինքը կզրկեր սիրած մեկ կերակուրեն կամ անուշեղենեն։ Կորոշեր ամեն առտու լուսաբացին ելլել անկողնեն, ամառ, ձմեռ պաղ ջուրով լվացվիլ երկայն ճամփաներ քալելով երթալ, ինքզինքը ենթարկել ամեն կարգի արվեստական զրկանքներու, ձմեռվան ցուրտին բալթոն հանել, ամառը կիզիչ արևին տակ գլխաբաց մնալ, կատարել ֆիզիկական սև աշխատանք՝ փայտ կտրել, բեռ կրել, բայց այդ ճիգերուն կհաջորդեին մեղկության և ծուլության շրջաններ։
Միջոց մը մտադիր էր վերին աստիճանի պարզությամբ հագվիլ. տարված էր նվաստանալու ուրիշներու առաջ, ինքզինքը ամբաստանելու կարծեցյալ հանցանքներով և մոլություններով. սենյակը մերկացուցեր էր բոլոր ավելորդ համարած իրերեն, ընտանեկան սեղանին շուրջ կարծես փուշերու վրա էր և հազիվ կդիպչեր կերակուրներուն, և երբ հյուրեր կուգային, կքաշվեր իր սենյակը, ուր ընելիք չուներ և ամբողջ էությունովը կտառապեր՝ լսելով տանը մեջ ուրախ ձայներ և երաժշտություն: Անիկա իր կատարելագործման միջոցները փնտրելով, դարձեր էր բանջարակեր, կխորշեր միսեն և անգթություն կհամարեր կենդանիները սպանել լափելու համար։ Բայց այդ բոլոր միջոցները չէին հանգստացներ զինքը։
Անիկա ֆիզիկապես քաջառողջ էր, և ոչ ոք կանդրադառնար, որ այդ արևի պես պայծառ դեմքով խարտյաշ տղան անընդհատ կտառապեր ի խնդիր իդեալական կատարելության մը, որը, գոնե մասամբ, չէր կարողանար իրականացնել նույնիսկ իր անհատին մեջ։ Անիկա փորձեց մոտենալ խոնարհ և հասարակ մարդկանց, և այդպիսիները իր անմիջական շրջապատին մեջ խոհարարն էր և սպասուհիները։ Բայց հնարքը չի կար անոնց հետ լեզու գտնելու։ Արտակի մտերմության ձգտումը կասկած ներշնչեց խոհարարին, որուն