խիղճը բեռնավորված էր մանր-մունր գողություններով, իսկ սպասուհիները բոլորովին տարբեր և սովորական նպատակներ վերագրեցին տանտիրոջ տղուն և նույնիսկ կոպիտ անհամբերություններ ցույց տվին, կարծելով, թե պատանիին վերապահումները հետևանք են անփորձության։ Անիկա կուզեր հիանալու, սքանչանալու առարկա կամ առիթ մը քտնել և իր շուրջը կգտներ միայն անասնական կիրքեր, տգեղություն, կեղծիք, գռեհկություն․․․
Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել․․․ Իր դպրոցի անմիջական ընկերները չէին կարող զինքը հասկնալ, և անոնց նպատակները և ձգտումները ըլլալով որոշ և գործնական, կվիրավորեին Արտակի եթերային դյուրազգացությունները։ Իսկ ուրիշ դպրոցներու տղաքը, մասնավորապես կեդրոնականցիները, իրեն կխոսեին այնպիսի գործերու մասին, որոնք չէին հաջողած դեռ իր երիթացյալ միտքը բռնել իրենց աքցաններուն մեջ։
Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել․․․
Անիկա կսիրեր իր մայրը, որովհետև կզգար, որ մայրը անկեղծորեն ազատված էր տանը պերճանքին ենթարկվելու հմայքեն և որովհետև կզգար անոր արդար արհամարհանքը իր ատելի հորը նկատմամբ։
Տիկին Զարուհիի համար սկիզբները բաժնելով մորը ատելությունը, հետզհետե ազատագրվեր էր այդ զգացումեն, որովհետև որոշեր էր, բացի իր հայրը, ոչ ոք չատել, նույնիսկ իր անձնական թշնամիները։ Իսկ Արուսյակի նկատմամբ ուներ պաշտպանի զգացումը, որ հետզհետե կթուլանար։
Քույր և եղբայր, ինչպես առաջ, սիրով և հաճույքով կհանդիպեին իրարու, միասին պտույտներ կընեին և կխոսեին անկարևոր նյութերու շուրջ և իրենց հոգիները փակ կպահեին իրարու առաջ։
Երբ սեղանեն ելան, հյուրերը, ինչպես և տնեցիները ցրվեցան տանը և պարտեզին մեջ, բայց Զարեհ էֆենդին առաջարկեց Բարպային երթալ առանձին սեղանին մոտ։