Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մութը արդեն կոխած էր, երբ անոնք հասան տուն։ Մորեղբայրը դրանը ջախջախը զարկավ, և անմիջապես լսվեց մուճակներու չափչափը սանդուղներու վրա։

Վիկտորյան Միհրանը ընդունեց աղմկալի ոգևորությունով, հետո տխրեցավ լսելով անոր մորը հիվանդությունը, հետո կրկին ուրախացավ իմանալով, որ երկար ժամանակով երեխան պիտի մնար իրենց մոտ։

Անիկա առանց գեղեցիկ ըլլալու «րընտիկ կնիկ Էր», ինչպես կըսեր Միհրանի մայրը։ Բայց անոր գլխավոր հրապույրը այն էր, որ աշխույժ էր և ուրախ և միշտ լավ տրամադրված։ Իպրաքսե հորաքույրը Միհրանին ծանոթ միակ անձն Էր, որ չէր կարող տանիլ Վիկտորյային զվարթությունը։ Ան կհամարեր, որ Վիկտորյան թամ կնիկ չէ, քիթը բերանը կխաղա և հետո․․․ Միհրանը շատոնց զգացեր էր, որ Վիկտորյային կյանքին մեջ ծանր գաղտնիք մը կար, բայց երբեք առիթ չէր ներկայացեր իրեն թափանցելու այդ գաղտնիքին, որովհետև ամեն անգամ, որ Իպրաքսե հորաքույրը ուզեր այդ մասին խոսիլ, մայրը բերանը կգոցեր, թույլ չէր տար, որ ան իր բամբասանքներու ծրարը բանա։

Բարպան նստեր էր բակը, բազմոցին վրա, և կոշիկները հանելով մուճակները կհագներ, մինչ կինը անդադար կշատախոսեր հունարեն բառեր և բացականչություններ արձակելով։

Ճաշեն հետո միայն Բարպան հայտնեց իր կնոջը, հանգամանորեն, քրոջը վիճակը։ Թանձր տխրությունը կրկին խուժեց Միհրանի հոգվույն մեջ, բայց Վիկտորյային հարաշարժ դեմքը և շատախոսությունը — ան երբեմն հորդառատ արցունք կթափեր և դեռ աչքերը չի սրբած կսկսեր ժպտալ, որ հակադրություն կկազմեր իր և մորեղբորը մտահոգություններուն հետ,— աստիճանաբար ցրվեց իր մռայլ տրամադրությունը։

Միհրանին համար անկողին պատրաստեցին բազմոցին վրա և ստիպեցին, որ պառկի, ըսելով, թե հոգնած Է։ Բայց անիկա քնելու տրամադիր չէր և դառնությամբ կհիշեր մորը հուսահատ տխրությունը և հորը անզոր վիշտը։

Երկար ատեն Խաչիկը և կինը խոսեցան Միհրանի մորը