Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդության և անոր տանը նյութական վիճակի մասին։ Որոշեցին առայժմ երեք ոսկի ղրկել հորը — Բարպան այդ դրամը Վիկտորյային տվեր էր հագուստի կերպաս գնելու համար — և Միհրանը պահել իրենց մոտ, բայց դպրոցին հարցը կմտահոգեր Խաչիկը, վերջապես մրմնջեց.

— Թող աս օրերը անցնին, ֆրենկներու դպրոցը կդնեմ։ Հետո Բարպան խոսեցավ արհեստանոցի մեջ եղած անախորժություններու մասին։ Զարեհ էֆենդին նորեն խաբեր էր բանվորները. փաշայի մը պատվերը կատարեր էին արտաժամյա աշխատանք կատարելով, բայց գործատերը չէր վճարեր խոստացած բացառիկ գումարը։

— Վճարելիք ալ չունի,— ըսավ Վիկտորյան մեղմ ձայնով,— ամեն ատեն ասանկ կըլլա։ Երբ բանվորներուն պետք ունենա, երկինք, երկիր կխոստանա․․․ բայց անգամ մը որ գործը տեղը երթա, ձեզի փողոցը հանդիպի՝ չի ճանչնար․․․

Վիկտորյան կխոսեր աղճատ հայերենով և իր արտասանությունը միշտ առաջին պահուն կթվեր տարօրինակ. անիկա ազգով հույն էր, Արշիպեղաքոսի կղզիներեն, և անոր խոսած հունարենն ալ մասամբ անծանոթ էր պոլսեցիներուն։

Բարպան լուռ Էր, կլսվեր միայն անոր ծանր շնչառությունը. հետո հանկարծ բացականչեց.

— Է՛հ, ճիզվիտ մարդ է։

Հետևյալ օրը կիրակի էր. առավոտուն կանուխ Բարպա Խաչիկը գնաց շուկա և առատ մթերքներ ղրկեց տուն։ Վիկտորյան՝ ամեն մեկ ապրանքը քննելով, կըսեր անսահման գորովանքով.

—Բարպան հազար բարիք Է ղրկեր, քեզի համար է, Միհրանիկ. դուն չգիտես Բարպան ինչ մարդ է, ոսկի է, ոսկի՛։

Վիկտորյան անսահման երախտապարտություն ուներ իր ամուսնույն համար. ան երբ կխոսեր Բարպայի լավ մարդ լինելու մասին, երբեմն այնքան կփղձկեր, որ արցունքը կժայթքեր աչքերեն։ Երբեմն ալ հուզմունքի գերագրգռության մեջ կըսեր պատանիին։