Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերուհիին անիկա ֆեսը հաներ էր գլխեն և կճմռթկեր մյուս ձեռքին մեջ։ Անոնք շատ մտերմացած կերևեին իրաբու հետ, որովհետև անվերջ Մաննիկը կշատախոսեր և կխնդար։

— Ճաշեն առաջ,— ըսավ Զարեհ էֆենդին Խաչիկին,— սիրտս նեղված էր, էվել֊պակաս խոսքեր ըսի։ Վասիլը քիչ մը տաք գլուխ է, գեշ տղա չէ, բայց վերջապես Դըրջանն ալ հույն է, ան ալ հույն է։

— Վասիլը հույն, հայ, այդպես բաներ չգիտեր,— ըսավ Բարպան համոզված։

— Չեմ ուզեր քեզ հակաճառել,— պատասխանեց Զարեհը,— բայց կհասկնա՞ս, որ եթե մեր արհեստավորները Վասիլին ականջ կախեն և գործը թողուն, մեյ մը լավ մտածե, ֆրանսական դեսպանատան կառքը ո՞ւր պիտի նորոգվի, Դըրջանին արհեստանոցը, այնպես չէ՞, ուրեմն հետևությո՞ւն․․․

Խաչիկը պահ մը դանդաղեցուց քայլերը և երկայն ու ցավագին նայվածք մը ուղղեց Զարեհին։ Անհարկի և սուր ցավ մը, կարծես ասեղի պես, մտավ Խաչիկի ուղեղին մեջ։ Զարեհ էֆենդին որսաց այդ նայվածքը և այլևս չուզեց խոսիլ։ Անիկա զգաց, որ ստացեր էր, ինչ որ կփափագեր, կասկած մտցնել Խաչիկի անվերապահ բարեկամության մեջ Վասիլի նկատմամբ․․․

Երբ նավամատույց հասան, այնտեղ կանգ առած շոգենավը սկսավ հևալ։ Ցանցառ ճամփորդներ, այդ ժամուն՝ մեծ մասամբ հայթայթիչներ և ծառաներ, կդեգերեին հրապարակի վրա և մեկ֊մեկ կանցնեին կամրջակը, շոգենավ կմտնեին՝ տեղ գրավելու համար։ Այն միջոցին, որ Խաչիկը տոմսակները գնելով, Միհրանի հետ կպատրաստվեր բարձրանալ կամուրջին վրա, Արտակը հեծանիվով վրա հասավ քամիի պես։ Անիկա իջավ և, մեկ ձեռքով հեծանիվը բռնած, մոտեցավ Խաչիկին և կատարյալ քաղաքավարությամբ ներողություն խնդրեց, որ հյուրերուն տանեն մեկնելու պահուն չէր տեսած և չէր կրցած իր հարգանքը հայտնել։ Ամենքն ալ զարմացած լսեին Արտակի այդ խոսքերը։ Բարպան ժպտուն նայվածքով կդիտեր պատանիին պայծառ դեմքը, մինչ Զարեհ էֆենդին, հանկարծ զգալով Արտակի վարմունքին