Ղուկասը գլուխը մոտեցուց Բարպային և մրմնջեց.
— Ըսածս խոստովանանք մնա քեզի, Միխայիլը դանակ քաշեր է։
Բարպան ընդոստ և բուռն շարժում մը ըրավ։
— Բարեբախտաբար, մեր Հակոբը աստեղ է եղեր․․․— շարունակեց Ղուկասը։— Անիկա կըսե կոր քի չուզեց խառնվիլ ջահելներու կռիվին, բայց կդիտեր կոր, երբ դանակը տեսեր է, քովեն նետվեր է Միխայիլին վրա, թևին մեյ մը զարկեր, դանակը ձգել տվեր է՝ «Ես քու հորդ, դեդեյիդ մեզառը․․․» ըսելով։ Վերջապես խնդիրը խղտեր են։ Չարի պես դուն ալ մեջտեղը չես եղեր, մեկը քու ետևեդ ղրկեր են, ուրիշ մըն ալ խելք ըրեր գացեր է Վասիլը կանչելու։
Բարպան տանջալի արտահայտությամբ նայեցավ Ղուկասին։ Սիրտը դողով լեցվեցավ Վասիլի անունը լսելով։
— Ինձի ալ լուր ղրկեր էին,— ըսավ Ղուկասը,— ես ու Վասիլը միասին ներս մտանք։ Երբ Վասիլը իրողությունը իմացավ, մեկ ապտակ մը Միխայիլի քիթին-բերնին․․․ ամա քեզի ապտակ կըսեմ․․․ դիտե՞ս, անոր ձեռքը ծանր է․․․ ատոր վրա ամենքն ալ հանդարտեցան․․․ Վասիլը քեզ հարցուց. անոր կարծիքը ան է, որ Միխայիլը դեֆ ընելու է, ան է որոմ ցանողը, կըսե կոր. ետքն ալ ամենուն խոսեցավ, ըսավ, որ խենթ ու խելառ խոսքերու ականջ չի կախեն, մենք մեր գործին նայելու ենք, աստեղ հայ, հույն չի կա, Ճիզվիտը ճիզվիտ է, Դըրջանը՝ Ղըրջան, մենք ալ ամենքս աշխատավորներ ենք, մենք եղբայրներ ենք, ըսավ, ինչպես եթե մեկ հորմե, մեկ մորմե ծնած ըլլայինք։
Բարպան մեծ շունչ մր քաշեց և լուռ ու մտախոհ մնաց։
— Հապա դըրջան չէ, ի՞նչ է,— ըսավ Ղուկասը պահ մը լռութենե հետո։— Մերինն ալ շիքյար մը չէ, ամա աս բոլորին մեջ Դըրջանին մատը կա․․․ կհասկնա՞ս կոր ինչ կըսեմ կոր նե, Խաչի՛կ, այօրվան մեր արհեստանոցը գոցել տվողը Դըրջանն է․․․ ասոնք նենգ ու խարդախ բյուզանդացիներ են․․․ դըրջան ի՞նչ կնշանակե, դրուժան կնշանակե․․․
Ղուկասը այդպես դեռ երկար կշարունակեր, երբ Բարպան հարցուց.