— Դուն ինձի ան ըսե, ի՞նչ ըսելով արհեստանոցը չի բացին։
— Նորեն հույներն էին, ըսին, որ մինչև Ապոստոլին թաղումը կատարվի, արհեստանոցը գոց պիտի մնա։ Ես առտուն կանուխ մեյ մը անցա․․․ Հույն դելիխանլըները եկեր կեցեր, արգելք կըլլային կոր․․․ թող չտվին որ բացվի։
Բարպան ակնարկ մը նետեց սրճարանին մեջ և մեկուն նշան ըրավ, որ գա։ Հույն տարեց բանվոր մըն էր, որ կսիրեր և կհարգեր Բարպան։ Անոր հետ եկան և ուրիշներ։ Քիչ հետո Բարպայի շուրջը խումբը ստվարացավ:
Բարպան կխոսեր հանդարտությամբ և կըսեր, թե պետք է բանալ արհեստանոցը։ Ուրիշ ատեն ըլլար, հոգ չէր, կըսեր ան, բայց ճիշտ այս օրերուն․․․ պատճառ մը կար, որու մասին չէր կրնար դեռ խոսիլ, բայց թող ընկերները վստահեին իր վրա։
— Մեզի համար պատիվի խնդիր է,— ըսավ Բարպան։ Բանվորներեն ոմանք հավանություն կհայտնեին, ոմանք վերապահ կմնային։ Հույները, մանավանդ, կբողոքեին՝ ըսելով, թե Ապոստոլին համար իբր բողոքի և սուգի նշան գործը թողեր են. հայ բանվորները պետք չէ դեմ երթան, ընդհակառակը, իրենց հետ մեկ ըլլալու են։
— Ասչափ տարիներ, Բարպա՛, մենք մեկ խոսք, մեկ հոգի եղեր ենք, օր մը օրանց իրարու խաթրի չենք դպեր,— ըսավ քառասուն տարեկան հույն կահագործ մը՝ Հերակլը, վշտացած երևույթով,— եթե մեռնողը հայ ըլլար, նույնը կընեինք․․․ Թող Ճիզվիտին բիթը ցեխը մտնե, հասկնա, որ մենք ալ մարդ ենք, շուն չենք․․․ Մենք քեզի փնտրեցինք երեկ, կուզեինք քու կարծիքդ ունենալ. դուն մեր Բարպան էս, Խաչի՛կ, դու մեզի համար հորմե, եղբորմե ավելի ես․․․ Ինչո՞ւ աս գործին մեջ մեզի չես հասկնար կոր։ Մենք Միխայիլին, իրեն պես զյուպպեներուն հետ չենք, անոնք ուրիշ էշ կքշեն կոր, իրար խառնելու չէ։ Աս ուրիշ բան է, աս մեր գործն է․․․ Ապոստոլին թաղումը պիտի ըլլա վաղը, արհեստանոցը կբանանք մյուս առավոտը՝ եթե Ճիզվիտը մեր չաշխատած օրերին ալ վճարե, եթե չվճարե, չենք բանար, ուրիշներուն ալ թող չենք տար, որ գան մեր տեղը աշխատին,