իր մեկ հայրենակցին, որուն խանութը կից էր կոշկակար Սարգիսի արհեստանոցին։ Սարգիսը Բարպայեն լսեր էր, որ իրենց դրացի տան մեջ վարձու կահավորված սենյակներ կան և նույնիսկ խնդրեր էր կոշկակարին, որ եթե հարմար հաճախորդներ ըլլան, իր մոտ ղրկե։
Վիկտորյան հիացումով տեսավ, որ Միհրանը սահուն լեզվով կխոսեր այդ ֆրանսիացիներուն հետ։ Անիկա կմտածեր, որ Բարպան ալ շատ գոհ պիտի ըլլար Միհրանին ստացած ուսմունքի արդյունքը տեսնելով, և ամեն ջանք ըրավ, որ ֆրանսիացիները գոհ մնան և սենյակները վարձեն։
Էմիլ Բեռնար հարավային ֆրանսիացիի թիփ ուներ. անիկա թուխ էր, մանրուկ, սև և շարժուն աչքերով, շատախոս, դյուրաշարժ և մեծախոսիկ։ Կինը, Ժոզեֆինը, ընդհակառակը, խարտյաշ էր, բարձրահասակ, նրբամարմին, ճերմակ մորթով և մանր աչքերով, որոնց դժգույն կապույտը կարծես երբեմն իր երանգը կկորսնցներ, և բիբերը կանջատվեին սև նուրբ ծիրով մը և մեջտեղի սև կետով։ Անիկա նորմանդացի աղքատ գյուղացիներու աղջիկ էր, որ եկեր էր Փարիզ փոքր հասակին, աշխատեր էր իբր նուրբ ճերմակեղեն կարող զանազան արհեստանոցներու մեջ, հետո տունը աշխատեր էր, ձեռնարկողե մը գործ վերցնելով։
Ժոզեֆինը կբնակեր Լատինական թաղի ետևի փողոցներուն մեջ, նոր շինված վեց հարկանի տան մը ձեղնահարկի տանը սպասուհիներուն հատկացված մեկ սենյակը։ Անիկա իր ամենօրյա երթևեկի միջոցին հանդիպեր էր Էմիլին, որ վարսահարդարի մը քով կծառայեր։
Անոնք կապվեր էին իրար հետ, և Էմիլը փոխադրվեր էր Ժոզեֆինի սենյակը։ Տանը դռնապանուհին, որ հոգածու էր վարձակալներու պատվավորությունը պահպանելու, նախ քիչ մը քրթմնջեր էր, տեսնելով, որ Ժոզեֆինին մոտ տղամարդ մը կա, բայց հետո համակերպեր էր — լավ վարձատրեր էին զինքը — և հավատալ ձևացուցեր էր, երբ անոնք ըսեր էին, որ ամուսնացած են Էմիլի բնակած թաղի քաղաքատան մեջ։
Էմիլը և Ժողեֆինը իրենց մատնեմատերուն անցուցեր էին ոսկի օղակներ, և դռնապանուհին համարեր էր, որ