ոտքերնին կկոտրենք․․․ Վասիլը ըսավ, որ իրավունք ունինք։
Պաղ քրտինք մը իջավ Բարպայի գլուխն ի վար։
— Վասիլը կանչեցեք,— ըսավ ան խուլ ձայնով։
— Հիմա չըլլար, գործի ատեն է,— առարկեցին իրեն։
Արհեստավորներեն մեկը առաջարկեց, որ իրիկունը հավաքվին Բոմոնթիի գարեջրատունը։ Լուր կուտան Վասիլին և Արիստաքիի մյուս բանվորներուն, ով որ ուզե թող գա։ Ամեն կողմերե խոսքեր արձակվեցան.
— Այսօր մեզ պատահածը, վաղը իրենց ալ կպատահի․․․
— Մեր գործը մեկ է, մեր խնդիրներն ալ նույնն են․․․
— Ճիզվիտն ալ, Դրջանն ալ մեկ շան ցեղե են,— ըսին մեկ քանին։
— Ըսել է արհեստանոցը չենք բանար կոր այսօր,— ըսավ Ղուկասը՝ շուրջանակի նայելով։
— Ո՛չ,— ըսին բանվորները միաբերան։
— Արյուն կթափի,— ըսավ հույն արհեստավոր մը Ղուկասի ականջին, և ամենքն ալ մտան լռության մեջ։
Նույն օրը, կեսօրին մոտ, այր ու կին, բոլորովին օտարոտի երևույթով մարդիկ, զարկին Բարպա Խաչիկի դռան ջախջախը։ Վիկտորյան դուռը բացավ։ Եկողները փորձեցին իրենց միտքը հասկցնել թրքերեն, հետո թրքերեն և հունարեն խառն լեզվով, բայց Վիկտորյան բան չհասկցավ։ Այսուամենայնիվ, անիկա այցելուները հրավիրեց, որ բակը մտնեն և նստին բազմոցին վրա, հետո Միհրանը օգնության կանչեց։
Այցելուները Զմյուռնիային եկած ֆրանսիացիներ էին, որ կփափագեին այցելել քովի տունը, ուր կահավորված վարձու սենյակներ կային և որուն բանալին տան տերը հանձներ էր Բարպային։
Ֆրանսիացին, պարոն էմիլ Բեռնար, սափրիչ էր. անիկա իր կնոջ հետ Փարիզեն եկեր էր Զմյուռնիա, հետո ուզեր էր տեղափոխվիլ Կ. Պոլիս։ Զմյուռնիայի հույն դրացի սափրիչը հանձնարարեր էր ֆրանսիացին Բանկալթի հաստատված