կպախարակեր և կնախատեր իր ամուսինը, մեղադրելով, որ սեղանին առաջ այս կամ այն անպատշաճ դիրքը բռնած էր, թե ստրկական քաղաքավարությամբ կվարվեր նույնիսկ ծառաներուն հետ, թե անարժեք և անօգուտ» մարդոց հետ ընտանության կմտներ և թե, վերջապես, ամենքը երկու մղոն հեռուեն կզգային, որ վարսահարդարի մոտ ծառայող մանչ էր:
Երբ Զմյուռնիա հասան, Ժոզեֆինի բարեկամները, որոնց վրա մեծ հույսեր դրեր էր ֆրանսուհին, իբրև օգտակար ծանոթություններ, փոխվեցան և, կարելի է ըսել, ցնդեցան: Ոմանք իրենց դիմավորելու եկած ընտանիքի անդամներու հետ մեկնեցան՝ առանց նույնիսկ փարիզուհին բարևելու, ոմանք ալ դարձան ցուրտ և հեռավոր, արդեն իսկ ընկղմած իրենց սովորական գործերու հոգերուն մեջ, և, վերջապես, Էմիլը և Ժոզեֆինը ինքզինքնին գտան Զմյուռնիայի քարափին վրա, օտար երկրի մեջ, առանձին և անօգնական։
Էմիլի մորեղբայրը չէր եկեր իրենց դիմավորելու. հետո ան ըսեր էր, որ հեռագիրր չէ ստացած։ Երկու ֆրանսիացիները իրենց բեռները պահ դրին մաքսատան պահեստը և կառք մը վերցնելով՝ գացին մորեղբորը գործատեղին, որուն հասցեն միայն ունեին։ Եթե Էմիլին վրա վախ չազդեցին՝ Զմյուռնիայի առևտրական թաղերու ցեխոտ, անհարթ և մանվածապատ փողոցները, որոնց նմանները շատ տեսած էր հարավային Ֆրանսիայի քաղաքներուն մեջ, Ժոզեֆինը սոսկաց և սկսավ դառնորեն դժգոհիլ։
— Quel sal patelin, ի՜նչ կեղտոտ երկիր,— կմրմնջեր անիկա սեղմված ատամներու մեջեն։
Ժամանակը ուշ էր, և մորեղբորը գրասենյակը փակ էր. առևտրական թաղերը ամայի էին, խանութները և խաները՝ գոցված։ Անոնք կառքեն առանց իջնելու կդեգերեին այդ հուսահատական փողոցներուն մեջ։
— Օ՜հ, լա՛, լա՛․․․— կհառաչեր Ժոզեֆինը գրեթե ամեն րոպե։
Անիկա սուր ցավով կհիշեր փարիզյան առևտրական թաղերու և լուսաշող փողոցներու ոգևորությունը այդ ժամերուն, և սիրտը կսեղմվեր անսահման կսկիծով: Կարծես աքսորյալներ էին, անդարձ հեռացած իրենց հայրենիքեն։