Էմիլը ավելի ընկճված էր կնոջը տրամադրութենեն, քան թե կացութենեն։ Վերջապես անիկա սթափվեցավ և մասամբ նշանացի, մասամբ գրված հասցեն ցույց տալով անցորդներու, կառապանին հասկցուց, որ իրենց տանի մորեղբորը բնակարանը։
Երկու ամուսինները կրկին անցան քարափեն և տեսնելով ծովափնյա ժխորոտ սրճարանները և ճաշարանները, կարծես նոր հոգի առին։ Վերջապես, մտնելով եվրոպական թաղերը, կարծես թե գեշ երազե մը արթնցան և նույնիսկ սկսան իրար հետ խոսիլ քաղցրությամբ։
Մորեղբայրը իր ազգականները ընդունեց կեղծ զարմացումով և ակնհայտնի դժկամությամբ։ Անիկա, կարծես, այն նույն մարդը չէր, որ եկեր էր Փարիզ։ Զիրենք առաջնորդեց աոաջին հարկի վրա, իբր հյուրասենյակ ծառայող, անբնակ սենյակ մը, ուր պոռոտ և իրար ժխտող գույներով թավշյա թիկնաթոռներու և ոսկեզօծ հենակով անհաստատ աթոռներու վրա նստոտեցան։
Բայց, կարծես թե, մորեղբայրը փուշերու վրա էր. անիկա պաղ քրտինք կթափեր և շփոթված, անկապակից բառեր կարտասաներ, հաճախակի և վախվխալով դառնալով դեպի դուռը։ Վերջապես այդ դուռը բացվեցավ դռնակի վրա, և պատշգամբի պես ցցուն կուրծքով, կանանչ թավիշ հագած ահագին կին մը, ցասկոտ աչքերով, խուժեց ներս։ Մորեղբայրը իր կնոջը ներկայացուց քեռորդին և Ժոզեֆինը. կինը հյուրերուն ձեռքերը անփութությամբ սեղմելե ետքը սկսավ առատությամբ հունարեն լեզվով խոսիլ իր ամուսնույն հետ և հետո առանց այլևայլի դուրս եկավ։
Մորեղբայրը առանձնապես Էմիլին դառնալով հայտնեց, որ այդ միջոցին կինը հյուրեր ուներ, թե ան գլուխը կորսնցուցեր էր և թե ամենուն լավության համար նախամեծար էր, որ նորեկները երթային հյուրանոց։
Ժոզեֆինը անմիջապես հասկցավ, որ այդ տան մեջ որևէ հույս չի կա իրենց համար։ Փարիզ եղած ատենը մորեղբայրը, ի միջի այլոց, խոսեր էր իր կնոջը մասին։ Անգամ մըն ալ ըսեր էր Ժոզեֆինին.
— Լավ տանտիրուհի է, բայց քիչ մը ժանդարմա է։