Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ ականջ կախեցիր իր բոբարներուն,— կգոռար Էմիլը,— բավական քի՞չ հայտնեցի իմ կասկածանքները։

— Ո՞վ, դո՞ւն, ա՛հ, օրինակի համար, գեշ չէ,— կգոչեր սուր ձայնով Ժոզեֆինը,— կարող ես ըսել․․․ Ես էի մինակ, որ գլուխս չի կորսնցուցի։

— Դուն կհամարձակի՞ս,— կբորբոքվեր Էմիլը,— դուն չէի՞ր, որ վաճառատունե վաճառատուն կերթայիր գնումներ ընելու․․․ Տիկինը կարծեց, որ Սաբա թագուհին պիտի ըլլա, առնվազն իշխանուհի․․․ կարող ես հաշվել, հիմակ առ բաժինդ և տեղդ նստե։

Այս վեճերը կվերջանային ժոզեֆինի խելահեղ լացով, որոնց միջոցին Էմիլը անընդհատ պտուտքելով սենյակին մեջ՝ կըսեր.

— Դուն ինքդ ուզեցիր, մի գանգատվիր:

Քանի կինը, զայրացած ամուսնույն անարդար խոսքերեն, հեկեկալով կարտասվեր, այնքան Էմիլը կատաղությամբ կկրկներ.

— Դուն ինքդ ուզեցիր, մի գանգատվիր։

Վերջին ղրուշները ծախսած միջոցին, երբ քստմնելի թշվառությունը սկսեր էր արդեն իր դեմքը ցուցնել, վիճաբանությունները սկսան ուրիշ բնույթ ստանալ։

— Ինչ փալաս մարդ ես,— կըսեր Ժոզեֆինը զայրույթով, երբ Էմիլը ձեռնունայն կվերադառնար տուն,— քիչ մը շարժվե, բան մը ըրե․․․

— Ես ինձ կարելին ըրեր եմ և կընեմ,— կըսեր Էմիլը,— քիչ մը դուն ալ շարժիս՝ ինչպե՞ս կըլլա․․․

— Ե՞ս, ես ի՞նչ կրնամ ընել այս անիծյալ երկրին մեջ,— կպատասխաներ Ժոզեֆինը։— Այստեղի կանայք մեկ արհեստ մը ունին։

Էմիլը շնականորեն կմրմնջեր և կխնդար.

— Կարծես թե այդ արհեստին նրբությունները քեզի ծանոթ չեն․․․

— Ի՜նչ, դուն, իմ օրինավոր ամուսինս, կհամարձակիս ըսել, որ փողոց իջնեմ․․․ մագըրոյի գտա՞ր, դու՞ն ալ, ա՜հ, ո՛չ ո՛չ ալ չեմ կրնար տանիլ:

— Ես մագըրո չեմ,— կըսեր Էմիլը,— բայց դուն ալ