— Միհրանիկը երես ճերմկցուց,— ըսավ անիկա ջուրի պես ֆրանսերեն կխոսեր կոր անոնց հետ։
Բարպան հիացական ակնարկ մը նետեց պատանիին վրա։
— Միհրա՛ն, մեջեն կելլա՞ս կոր,— հարցուց անիկա գոհունակ ժպիտով։
— Այո՛, Բարպա՛,— ըսավ Միհրանը և կարմրելով քաշվեցավ իր անկյունը։
— Է՛հ, ինձի մաստիքա մը տուր,— ըսավ Բարպան Վիկտորյային, որ սպասարկելե հետո, ոտքի կեցած, ըսավ.
— Երեսս չի բռնեց, առհաշիվ դրամը չուզեցի։
— Աղեկ ըրեր ես,— ըսավ Խաչիկը,— ես տանտերին կուտամ ինչ որ պետք է, ետքը հաշիվը կտեսնենք։
Եվ անգամ մըն ալ ակամա ժպիտը երևաց Բարպայի մտատանջ և խոժոռ դեմքին վրա։
Եվ Վիկտորյան գոհ էր անսահմանորեն և կմտադրեր «մաղերը ավել ընել», ամեն կերպերով ծառայել նորեկ դրացիներուն, այդ ֆրենկներուն, որոնց դեռ չնշմարված գոյությունը անգամ կարող էր պարզել Բարպայի կնճռոտ դեմքը։
Բայց նույն օրը ուրիշ անսպասելի դեպք մը պիտի գար ալեկոծելու Վիկտորյայի ազնիվ հոգին։
Բարպան տունեն դուրս եկեր էր ժամը վեցին մոտերը, երբ դռան ջախջախը զարնվեցավ։ Վիկտորյան խոհանոցեն եկավ դուռը բանալու և մնաց ապշած։ Իր դեմ կեցած էր Վասիլը։ Անիկա ներս մտավ անայլայլ և, ինչպես եթե նախորդ օրը բաժնված ըլլար իր քրոջմեն, ըսավ հանդարտ ձայնով.
— Կալիսպերա, Վիկտորյա։
Վասիլի հանդարտության պատճառը այն էր, որ անիկա շատոնց հաշվեհարդարի ենթարկեր էր Վիկտորյայի մասին ունեցած զգացումը։ Անիկա կգնահատեր իր քրոջը անսահման նվիրվածությունը իր ամենեն սիրելի ընկերոջ՝ Բարպային նկատմամբ։ Գիտնալով թե չգիտնալով Վիկտորյայի