Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցյալը, իր ընկերները և կհարգեին Բարպային, և՛ կսիրեին իր քույրը։ Վասիլը շատոնց կմտածեր գալ իր քույրը տեսնել և կհուսար, որ Բարպան օր մը օրանց կառաջարկեր իրեն տուն գալ: Բայց այդ պարզ մարզիկը զարմանալի հոգեկան նրբություններ ունեին և Բարպան, հիշելով տարիներ առաջ Վասիլի արտահայտած ցավը և ցասումը, չէր ուզեր անոր մտերիմ զգացումներուն վրա որևէ, նույնիսկ թեթև, ճնշում ընել այդպիսի առաջարկություն ընելով։

Առաջին րոպեի ապշությունը անցնելե հետո Վիկտորյան նետվեցավ եղբորը վիզը և ուրախության սաստկության հետևանքով սկսավ հորդառատ արցունք թափել։ Այն ատեն Վասիլն ալ հուզվեցավ, և քույր ու եղբայր մնացին այդպես իրար գրկած, մինչև Վիկտորյան դողդողալով և հատկտյալ ձայնով կըսեր հունարեն անկապակից բառեր։

Եվ ահա, հանկարծ, անոնք խաղաղեցան և ինչպես եթե բաժանման երկար տարիները սեղմված ըլլային, սկսան խոսիլ սովորական շեշտով։

— Բարպան դեռ տուն չէ՞ եկեր,— հարցուց Վասիլը:

— Եկավ կանուխ, քիչ առաջ դուրս ելավ,— պատասխանեց Վիկտորյան՝ կարմրած աչքերը սրբելով։

— Կերևի Բոմոնթի գնաց,— ըսավ Վասիլը,— կուզեի առաջ տեսնել, ուշ մնացեր եմ։

Վիկտորյան կպնդեր, որ եղբայրը բարձրանա սենյակը, օղի մը խմե:

— Թեքիրի պուլաքի ունիմ,— կըսեր Վիկտորյան,— անմահական մեզե կըլլա։

Բայց Վասիլը կշտապեր, համաձայնեցավ միայն խոհանոցը մտնել և ոտքի վրա դյուզ մը խմել։

Երբ Վիկտորյան կպատրաստվեր պուլաքին հրամցնել, Վասիլը արգիլեց։

— Չէ՛, Վիկտորյա,— ըսավ անիկա մեղմ ձայնով,— ինձի կանանչ ձիթապտուղ մը տուր, բաղիանով համեմված, համբավը շատ լսեր եմ։

Եվ կանանչ, կարծր և դառն ձիթապտուղը ճաշակելով, ակնթարթի մը մեջ Վասիլը վերհիշեց իրենց բնիկ կղզին, Վիկտորյան՝ փոքր աղջիկ, հայրը՝ թշվառ և անօգնական,