անգործ ձեռքերը ծալլած կուրծքին վրա, և ցասումի և ըմբոստության խառն զգացում մը հրահրվեցավ իր մեջ։
Վիկտորյան, անտեղյակ Վասիլի ներքին աշխարհի մեջ անցածին, հարցուց անոր.
— Սոֆիցան ինչպե՞ս է.
Վասիլը, գլուխը ցնցելով, սթափվեցավ և պատասխանեց.
— Ինչպես որ գիտես, միշտ նույնը։
Պահ մը լռութենե հետո Վասիլը ավելցուց.
— Ինչո՞ւ չես անցնիր մեր տունը։ Սոֆիցան գոհ կըլլա, Յորկին ալ շատ մեծցած պիտի գտնես։
Եվ բակեն անցնելով, Վասիլը դուրս եկավ։
Բարպան անցնելե հետո իր ընտանի փողոցներեն, քայլերը ուղղեց դեպի Բոմոնթիի բարձրահայաց գարեջրատունը։ Եվրոպական երաժշտախումբը կնվագեր։ Բարպան անցավ սեղաններու առաջքեն, որոնք մեծ մասամբ գրավված էին և դարատափի մը վրա, պահ մը կանգնած, ակնարկովը փնտրեց իրեն ծանոթները։ Իր դեմ կբացվեր Վոսփորի համայնապատկերը՝ իր բոլոր շքեղությամբ։ Դիմացը՝ ասիական ափունքը սկսեր էր մշուշվիլ վարդագույն քողի մը մեջ: Վոսփորի ջուրերը կնշուլեին վերջալույսին անհամար ցոլքերով։ Եվրոպական ափունքին վրա, Բոմոնթիի բարձրութենեն կտեսնվեին ծովափնյա ճերմակ ապարանքները և խիտ ու գալար ծառերու պարտեզները։
Բարպան՝ ամեն ինչ մոռցած, կարծես անձնատուր եղեր էր ընտանի երազանքի մը։ Անիկա կսիրեր և իր լրիվ արժեքին մեջ կգնահատեր իր բնիկ քաղաքի բազմատեսակ գեղեցկությունները, բայց և ճիշտ այդ շքեղ գեղեցկությունը իր մեջ հառաջ կբերեր ափսոսանք։ «Ա՜հ, եթե այս բոլորը եվրոպացիի ձեռք ըլլար,— կմտածեր անիկա,— Պոլիսը երկրային դրախտ կդառնար»։
Բարպան անգամ մըն ալ աչքերը սևեռեց Վոսփորի ջուրերուն, որուն վրա կերևային նավեր, շոգեմակույկներ: