Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց Կյուլենցը ավելցուց, որ ուրիշ բաներ կային, որոնք շուտով վերջնական հաղթանակը կապահովեին Զարեհին։

Կյուլենցը խոսեցավ քաղաքական լուրերու մասին. անիկա վստահ էր, որ կառավարությունը չէր կրնար ընդունիլ Ռումելիի նահանգներու բարենորոգմանց ծրագիրը։ Հակասահմանադրական շարժումեն հետո իթտիհատը դեռ չէր հաջողեր իր դիրքերը ամրացնել և իթիլաֆը, որ հետզհետե կուռճանար, այնպիսի աղմուկ և շփոթ առաջ կբերեր, որ Իթտիհատի առանց այն ալ խախուտ դիրքերը կփլեին։ Մնաց որ, կըսեր Կյուլենցը, Ռումելիի բարենորոգումները՝ եվրոպական վերահսկողության տակ, միևնույնն էր, որ այդ նահանգները անջատվեին Թուրքիայեն։ Վերջապես, Կյուլենցը կհավաստեր, թե պատերազմը անխուսափելի էր։ Բալկանյան ազգերը կդաշնակցեին, և այդ դաշնակցության մեջ կմտներ Հունաստանը։

Զարեհ էֆենդին մնաց երազուն։

Կյուլենցը և Զարեհ էֆենդին նստած էին պարտեզին ծայրը, առանձին սեղանին առաջ։ Երեկո էր, և իրենց դեմը կպարզվեր Մարմարայի խաղաղ տարածությունը, որու փիրուզյա մակերեսը որևէ կնճիռ չուներ այդ միջոցին։ Արևը մայր մտեր էր, բայց երկինքը գույն կառներ և կուտար ծովուն, որուն մեջ կարտացոլային, ինչպես ջինջ հայելիի մեջ, շառագույն և հարափոփոխ ամպերու հետզհետե մարող գույները։

Մայրիներու տակ, մյուս սեղանին առաջ նստեր էին հյուրեր և տիկին Զարուհիի նախագահությամբ կշատախոսեին և կծիծաղեին, մինչ կողմնակի արահետե մը կանցներ Արուսյակի նուրբ սիլուետը՝ ամբողջովին ճերմակ հագած և անտարբեր, կարծես կտրված աշխարհե։

Ճայերու երամ մը ինկավ ծովի մակերեսին վրա, որու ջուրերը թեթև մը դողդղացին թռչուններու ճերմակ և ծփացող կուրծքերուն տակ։ Հետո, հանկարծ, երամը միահամայն թռիչք առավ, և ճայերը սուր ճիչեր արձակելով՝ սլացան հեռուն։

Հետամնաց նավակ մը կմոտենար այդ միջոցին՝ ճերմակ, սրանկյուն առագաստը բացած մերկ թևի պես, և հունական երգ մը լսելի եղավ երկու խոսակիցներուն։