Զարեհ էֆենդին մնաց երազուն, բայց անոր երազները չէին թափառեր այդ խաղաղ երեկոյան գեղեցիկ երևույթներուն վրա։ Անիկա արագությամբ կմտածեր շատ բաներու մասին, մտքին մեջ կարգագրություններ կըներ և ներքնապես կժպտեր իր ուրվագծած ծրագիրներուն։
— Ողորմած հոգի հայրս,— ըսավ անիկա վերջապես,— լուսերու մեջ պառկի, շատ բան լսած էր իր հորմեն հույներու անկախության պատերազմին ժամանակ անցած–դարձածեն: Ենիչերիները կախեր էին անոնց պատրիարքը, և ամեն տեղ հույները կհալածեին։ Նույնիսկ տունե-տուն կմտնեին և հայերու մոտ պահված աղախինները դուրս կհանեին։ Այդ երանելի ժամանակները ոչ միայն Պոլսո մեջ, այլև ծովամերձ բոլոր քաղաքներու մեջ առևտուրը և առհասարակ բոլոր գործերը անցան հայերու ձեռքը։ Հայերը սկսան փայլիլ, հարստանալ․․․ Այն ատեն է, որ հայերը կոչվեցան միլլեթ հաքիմի՝ հավատարիմ ժողովուրդ։ Բայց աս ալ պետք է ըսենք,— ավելցուց Զարեհ էֆենդին, խոր շունչ մը քաշելով,— որ այն ժամանակ ամիրաներ կային, սուլթանին և մեծամեծներուն քով ազդեցիկ հայեր, որոնք մեծ դեր մը կկատարեին։ Անոնք կրցան օգուտ քաղել առիթեն և իրենց ազգին հավիտենական երախտապարտության արժանացան․․․
Հետո Կյուլենցին դառնալով, Զարեհ էֆենդին բոլորովին տարբեր շեշտով հարցուց.
— Ըսել է, քու կարծիքով, պատերազմը անխուսափելի՞ է:
— Անխուսափելի,— պատասախանեց Կյուլենցը։
Զարեհ էֆենդին ձեռքերը իրար շփեց։
— Դըրջանը,— ըսավ անիկա,— յունանցի չէ, օսմանցի է, բայց վերջապես հույն է, կքշենք մեր ճամփու վրայեն։
Խոսակցությունը այդ կետին հասած էր, երբ Գարեգին Վահեվանյանը եկավ և ուղղակի դիմեց իրենց կողմը։
— Ժո՛րժ, տղա՛ս,— ըսավ Զարեհ էֆենդին Կյուլենցին,— Գարեգին էֆենդին մերն է, ազգասեր մարդ է, անոր քով ամեն բան կրնաս ըսել։
Վահեվանյանը արդեն տեղյակ էր քաղաքական անցուդարձեն։
— Լավ կըլլա, շատ լավ կըլլա,— ըսավ Վահեվանյանը,—