Էջ:Բարպա Խաչիկ.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասոնք,— թուրքերը ըսել կուզեր,— կհաղթվին, քիչ մը գոռոզություննին կիջնե։

Զարեհ էֆենդին երկմտության մեջ ինկավ։ Եթե թուրքերը հաղթվին, ուրեմն Հունաստանը հաղթող դուրս կուգա, ալ ո՞ւր պիտի սղմեցներ Դըրջանին ամբարտավանությունը։

Բայց Վահեվանյանը ուրիշ հեռանկարներ կբանար իր առաջ։ Թուրքերը կպարտվեին, և ով որ անցներ կառավարության գլուխը, ստիպված կըլլար զիջող ըլլալու։ Այն ժամանակ հայերն ալ հրապարակի վրա կարձակեին Անատոլուի հայաբնակ վիլայեթներու բարենորոգմանց հարցը։

Գաղտնիք գաղտնիքի փոխարեն՝ Վահեվանյանը բացավ շարք մը խնդիրներ.

— Եվրոպացիները հաշտ աչքով չեն նայիր Թուրքիո վերածնունդին, իսկ սահմանադրական ռեժիմին բոլորովին հակառակ են, իհարկե, Թուրքիո համար։ Եվրոպական պետությունները հիվանդ մարդուն սնարին քով կսպասեին, որ մեռնի և ժառանգությունը խլեն, բայց, կարծես թե, հիվանդ մարդը կազդուրվեցավ, ամեն պարագային սահմանադրական ռեժիմը մահը ուշացուց, գոհ չեն, ոչ ոք գոհ չէ։

Կյուլենցը կխնդար երիտասարդ թուրքերու միամտությանը վրա։

— Թուրքիա ո՜ւր, հայրենասիրությունը ո՜ւր,— ըսավ անիկա,— բան մըն է կըսեն, իրենք ալ չեն հավատար, բայց այդ բառով գլուխ կբարձրացնեն։ Հին գլուխ թուրքերը այդպես բան չէին գիտեր, և անոնց հետ ամեն գործ կարելի էր կարգադրել․․․ երբեմն սպառնալիք, երբեմն կաշառք․․․

— Կկարծես, որ երիտասարդ թուրքերը կաշառքի համը չե՞ն առած,— ըսավ Վահեվանյանը,— բայց ասոնց ախորժակը ավելի մեծ է, այդ է տարբերությունը։

— Այդ անտանելի է,— վճռեց Զարեհ էֆենդին։

Կյուլենցը և Վահեվանյանը երկար խոսակցեցան, վերլուծման ենթարկելով եվրոպական մեծ պետությանց շահերը և անոնց բռնելիք հավանական դիրքը:

Այդ միջոցին Զարեհ էֆենդին այլևս չկրցավ հետևել խոսակցությանը, որովհետև մտքին մեջ կարծես կշիռքի մը երկու նժարներուն մեջ կդներ, կհաներ