բան մը մտաբերելով,— առ սա տասը ոսկին, իմ կողմես նվեր Ապոստոլին մորը:
Բարպան հայտնեց, վերջապես, Զարեհ էֆենդիին, որ նույն առավոտուն ֆրանսիական դեսպանատան կառքը մտեր էր Արիստաքիի արհեստանոցը։
— Այդ ալ հոգդ չըլլա, Խաչի՛կ,— ըսավ Զարեհը, աչքերովը քննելով իր առաջքը դրված թուղթերը,— ես արդեն գիտեի, հոգ չէ, թող վերջը բարի ըլլա։
Եվ Բարպան ո՛չ այդ օրը և ոչ ալ հետագա օրերուն մեջ կրցավ հասկնալ Զարեհ էֆենդիին վարմունքին իմաստը։
Հիմակ Բարպան և Վասիլը ամեն օր կհանդիպեին իրար և իբրև սրտակից ընկերներ կխոսակցեին այդ բոլորի վրա։ Վասիլի և Վիկտորյայի հաշտությունը, որու մասին Բարպան լռեր էր ժպտուն, բայց լուռ, կդյուրացներ իրենց հարաբերությունները։ Սոֆիցան հաճախ կուգար Վիկտորյային, և այս վերջինը օրվան մեջ միշտ պահ մը կգտներ գոնե անգամ մը եղբոր տունը երթալու։
Բարպան և Վասիլը մտադիր էին վաղուց փայփայած ծրագիրը՝ փոխադարձ օգնության սնդուկը հաստատելու և այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանք կտանեին, երբ գործերը սակավցան։ Երկրին քաղաքական անորոշ գրությունը մեծապես ազդեր էր բոլոր գործերու վրա։ Թե՛ Դըրջանը և թե՛ Ճիզվիտը մտադրեր էին իրենց աշխատավորներուն մեկ մասը արձակել, որովհետև ոչ միայն նոր պատվերներ չէին ընդուներ, այլև նորոգված կառքերը կմնային, տերերը չէին գար վերցնելու, և առհասարակ վճարումները չէին կատարվիր։
Օրերը կանցնեին, և գործերու տագնապը կավելնար։ Ամեն առավոտ արհեստավորները կուգային սովորական ժամուն և կերթային մոտակա սրճարանները։ Եթե պատահական գործ մը ըլլար, իրենց ետևեն մարդ կղրկեին, որ գան աշխատին։ Ամենուն համար հայտնի էր, որ ո՛չ Զարեհը և ոչ ալ Արիստաքին չէին կրնար երկար ատեն իրենց ծախքերը նույնը պահել, եթե գործերու սակավությունը շարունակվեր, և եթե անոնք դեռ կրճատումներ չէին ըրած, պատճառը այն