Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— II me parait bien poire[1],— վճռեց Էմիլը՝ Բարպային ակնարկելով:

Ժոզեֆինը համաձայն էր, բայց սաստեց ամուսինը։

— Շատ ազնիվ մարդիկ են,— ըսավ անիկա տարտամ շեշտով մը։

Այր ու կին զգաստացած էին։ Իրենց «արկածները», ինչպես կկոչեին իրենց գլխուն եկածները, ներշնչեր էին իրենց այն զգացումը, թե պետք էր հրաժարիլ հեքիաթային իրողություններեն և խելքով ու ճարպիկությամբ օգուտ քաղել ներկայացած առիթներեն՝ առանց արհամարհելու փոքրիկ շահերը։

Էմիլը ուզեր էր վարսավիրայի խանութ մը բանալ Գալաթա Սերայի դիմաց, կանանց բաժինով, բայց հետո նախամեծար համարեր էր համաձայնիլ Բերա-Պալասի տնօրինության հետ և այդ հյուրանոցի առաջին հարկին վրա սարքեր էր վարսահարդարի կաբինետ մը։ Ըստ համաձայնության, Էմիլը կստանար շատ փոքր վարձ, ամսական երեք ոսկի, բայց իրավունք ուներ գրպանելու հաճախորդներու նվերները: Անիկա հաճոյախոս էր և հաճոյակատար։ Պալասի հաճախորդները, որ մեծ մասամբ եվրոպացիներ էին, ընդհանրապես կխոսեին ֆրանսերեն, և փարիզյան վարսահարդարը սկսավ որոշ հռչակ ստանալ։

Ժոզեֆինը ամեն իրիկուն կպարպեր ամուսնույն գրպանը և շատ փոքր մաս մը հատկացնելե ետքը առօրյա ծախքերուն, մնացածը կպահեր արկղի մը մեջ։ Երբեմն հունձքը առատ կըլլար, և Բեռնարները կսկսեին հույս առնել.

— Ա՜հ, վերջապե՜ս։

Անոնք որոշեցին իրենց ծախքերը վերածել նվազագույնի։ Կանոնավորապես կվճարեին տան վարձքը, օրը-օրին, ժամը-ժամին, ինչ որ հիացում կպատճառեր Բարպային, և կջանային որքան կարելի է հաճախ Վիկտորյային ճաշի հրավերը ընդունիլ:

Երբ արկղի դրամը հասավ որոշ գումարի, Ժոզեֆինը գնաց Կրետի-Լիոնեի բանկի մասնաճյուղը և պահ դրավ այնտեղ։ Բեռնարներու ախորժակը բացվեցավ, անոնք

  1. Ինձ բավականին շատ տանձ (տխմար) է թվում (ֆրանս.):