Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, բարձր և ճկուն հասակով, Բարպայի համար իսկական ֆրանսուհին էր։ Բարպան շատ լավ կտեսներ, որ անոր դեմքը գեղեցիկ չէր — իր աչքերը վարժ էին տեսնելու, Պոլսո նույնիսկ խոնարհ խավերու մեջ, սքանչելի և նուրբ գեղեցկությամբ կիներ,— բայց Ժոզեֆինը առանձնահատուկ հրապույր մը ուներ, որը Բարպան չէր կրնար վերլուծել և որը Ժոզեֆինի ամբողջությունն էր. «հով մը ունի», ըսեր էր անիկա Վիկտորյային, որ զգացեր էր, թե ինչպես Բարպան հիացած և հպարտ էր ֆրանսուհիին ցույց տված ընտանութենեն։

Ժոզեֆինը կհագվեր շատ պարզ հագուստներ, բայց ամենեն հասարակ կտորն ալ կարծես շքեղություն կստանար իր վրա։ Գլխարկին գրվածքը, սև ծակոտկեն քողը, որ կսքողեր անոր դեմքը իր նուրբ ցանցին տակ, խարտյաշ մազերու թեթև խոպոպները և ճակատին վրա դրված կտրված մազերը, բայց մանավանդ, այն անորոշ և մշտական բուրմունքը, որ կծածաներ ֆրանսուհիին շուրջը, որ իրմե առաջ կմտներ սենյակ և հետք կթողուր, երբ կհեռանար, այդ բոլորը արտահայտություններն էին այն գերագույն էակին, որ Եվրոպայեն էր։ Բարպան հիացած էր նաև այն պարզության համար, որով Բեռնարները կընդունեին իրենց հրավերները, և Բարպան, որուն միտքը կտանջվեր հազար հոգերով, հանկարծ թեթևություն կզգար, երբ կմոտենար իր տանը, ուր կհուսար Էմիլը և Ժոզեֆինը գտնել։

Եվ ան հաճախ կգտներ Բեռնարները իր տանը։

Առաջին օրերը անոնք կխոսակցեին իրարու հետ Միհրանի միջոցով, որ թարգմանի դերը կկատարեր, բայց հետո Բարպան, որ գզրոցը քիչ մը, ֆրանսերեն սորված էր, սկսավ խոսիլ, և մյուս կողմանե հունարենը օգնության կանչելով, գտան ուղղակի հարաբերության մտնելու եղանակը։ Երբ խնդիրը բարդանար, դարձյալ Միհրանին կդիմեին։

Առաջին օրեն Բեռնարները հասկցան, թե ինչ կարելի է քաղել Բարպայեն։