նախադասություններ և Ժոզեֆինին մինչև արցունք խլող ծիծաղ կպատճառեր, երբ հունական շեշտով կկամենար ֆրանսերեն խոսիլ։
Բայց արդեն իսկ, առավոտները, Բարպան և Վիկտորյան մտահոգությամբ կխորհրդակցեին օրվան ծախքերը դիմավորելու համար։ Եթե ֆրանսիացիները չըլլային, Վիկտորյան շաբաթական մեկ ոսկիով, նույնիսկ կեսով կրնար տանը անհրաժեշտը ապահովել։ Անիկա շատ ճարտարությամբ գիտեր պատրաստել կերակուրներ, որոնք սուղի չէին նստեր և համով կուտվեին։ Ուրիշ անդամներ, Վիկտորյայի ճարպիկության և խնամոտության հետևանքով, Բարպան նույնիսկ չէր զգացեր նեղ օրը։ Բայց այժմ կացությունը տարբեր էր։ Այդ ֆրանսիացիները քիչով չէին գոհանար, մանավանդ որ սորվեր էին, անշուշտ պետք եղած քաղաքավարությամբ, պատվերներ տալ հետևյալ ճաշին համար։
Ճիշտ է, որ անգամ մը Բեռնարները տարտամորեն խոսեր էին ծախքերուն մասնակցելու մասին, բայց Բարպան բուռն կերպով բողոքեր էր, և Էմիլը ըսեր էր, որ ինքն ալ միջոց մը կգտնե օր մը փոխարինելու մոսյո Խաչիկի հյուրասիրությունը։
Անգամ մը Էմիլը վարազի միս բերեր էր և առաջին օրերը, քանի մը անգամ, ֆրանսիական կնքված գինի։ Այր ու կին, Բեռնարները, չէին կրնար ըմբռնել առանց գինիի սեղան նստիլ։ Իսկ տեղական գինիներուն չէին կրնար հանդուրժել։ Բարպան, ուրեմն, պատվիրեր էր Վիկտորյային՝ իր սեղանին վրա անպակաս ընել ֆրանսիական գինին, որուն հասարակ և աժան տեսակները չի կային, իհարկե, Կ. Պոլսո մեջ, և Վիկտորյան այդ պատվերները կկատարեր ճշտությամբ։
Բայց գործերը ոչ միայն չէին բացվեր, այլև հետզհետե կվատանային։ Բարպան և Վիկտորյան կմտածեին ձմեռնամուտի պատրաստություններ տեսնել, բայց այլևս ոչ միայն պատրաստի դրամ չունեին, այլև պարտքեր դիզվեր էին մսավաճառի, պտղավաճառի և նպարավաճառի մոտ։ Այդ բոլոր հայթայթողները անսահման վստահություն ունեին Բարպային վրա և ուրիշ անգամներ նույնիսկ կմերժեին իրենց առնելիքի վրա մաս մը ստանալ։