Բարպան՝ ոտքի կանգնած, ձեռքովը տեղ ցույց կուտար Ժոզեֆինին, բայց անիկա՝ անվերջ շատախոսելով, գնաց հայելիին առաջ, գլխարկը հանեց, երկու ափերովը մազերը ուռեցուց, ճակատին վրա հարդարեց, մատին ծայրովը երեսին վրա բրնձափոշին տարածեց և հետո մոտեցավ ամուսնույն մեկ այտը ներկայացնելով՝ ըսավ անփութությամբ.
— Բոնժո՛ւր, բարեկամս։
Այդ բոլորի միջոցին Բարպան հիացական ակնարկով կհետևեր Ժոզեֆինին. երբ անիկա իր այտը ներկայացուց, որպեսզի ամուսինը համբուրե, Բարպան ժպտելով նայեցավ Վիկտորյային, որ տեղ կբանար սեղանին վրա Ժոզեֆինին համար։
Հազիվ թե Ժոզեֆինը նստած էր, ուշադրությունը դարձավ մանգալին։
— Հե՜, ի՜նչ գեղեցիկ է, օրիգինալ,— ըսավ անիկա ձեռքերը իրար միացնելով:
— Հավնեցա՞ք,— հարցուց Բարպան։
— Օ՜հ, անչա՜փ, պետք է մեզ համար ալ գտնել հատ մը, ճիշտ ու ճիշտ նման,— ըսավ Ժոզեֆինը պչրանքով։
Կրկին կանչեցին Միհրանը, և Բարպան անոր օգնությամբ բացատրեց, որ առևտուրի մեջ դժվար էր այդպիսի մանգալ գտնել, այդ ինքը գներ էր սնանկացած կամ մեռած փաշայի մը գույքերու աճուրդին։ Հիմակ գեղեցիկ մանգալներ չէին շինվեր, որովհետև հախճապակիե ալզասյան վառարաններու գործածությունը ընդհանրացեր էր նույնիսկ թուրք տուներու մեջ։ Հետո Բարպան բացատրեց այդ մանգալին գեղեցկությունները։ Անոր շուրջի ափսեն քանդակված էր մանյակի նման։ Անտարակույս, սիրով աշխատող անհայտ վարպետի գործ էր։
Այս խոսքերը ըսած ատեն Բարպայի աչքերը կժպտեին։
— Օ՜հ,— ըսավ Ժոզեֆինը, դժգոհ երեխայի արտահայտություն մը առնելով,— ես ալ կուզեմ ունենալ այսպես մաշեն մը, ինչպե՞ս կկոչեք այս մաշենը։
— Մանգալ,— ըսավ Միհրանը։
— Ես ալ իմ մանգալս կուզեմ ունենալ,— կրկնեց Ժոզեֆինը՝ դառնալով Էմիլին։