Էմիլը տարտամ շարժում մը ըրավ:
— Կունենաք,— ըսավ Բարպան, հաճույքի հառաչանք մը արձակելով:
— Բայց քանի որ կըսեք, թե չի կա, ո՛չ շուկայի մեջ, ո՛չ ուրիշ տեղ։
— Այս մանգալը ձեզ նվեր,— ըսավ Բարպան և ակամա նայեցավ Վիկտորյային։
Վիկտորյան հանկարծակիի եկավ և չի կրցավ զսպել տհաճության շարժում մը, բայց Բարպայի նայվածքին տակ անիկա սթափվեցավ և ժպտելով նայեցավ Ժոզեֆինին, որ կըսեր.
— Օ՜հ, մոսյո Հաշիկ, ի՜նչ ազնիվ մարդ եք դուք։
Վիկտորյան վերցուց օղիի շիշը, բաժակները, մեզեի պնակները և Միհրանի հետ սկսավ ճաշի սեղանը դնել. անիկա կծառայեր միշտ ժպտուն և հաճոյակատար աղախինի նման և հազիվ թե ժամանակ կունենար ինքն ալ նստելու և պատառ մը բան ուտելու։ Բայց ոչ ոք ուշադրություն կըներ անոր։ Ճաշը անցավ աշխույժ, սեղանակիցները կխոսակցեին, որքան որ կրնային, քաղաքական անցուդարձերու, պատերազմի, գործերու տագնապի, փողոցը տեսած բաներու և երևույթներու վրա։ Ժոզեֆինը երբեմն կդիտեր շուրջ բոլորը և կհիանար գորգերու և կապերտներու վրա։ Անիկա կըսեր, թե իր մանկության օրերին ցանկացած էր ունենալ արևելյան շքեղ գորգեր, թե այդ եվրոպացիներու համար գերագույն պերճանք է: Խաչիկը բացատրեց, որ գեղեցիկ և արժեքավոր, բայց գործածված գորգեր կարելի էր գտնել հին շուկան, Բեզեստենի մեջ։
— Օր մը միասին երթանք, մոսյո Հաշիկ, ըսավ Ժոզեֆինը աղաչական։
— Երթանք,— պատասխանեց Խաչիկը։
— Խոսք կուտա՞ք։
— Կուտամ․․․
Եվ Ժոզեֆինը, իբր շնորհակալություն, համբուրեց Բարպայի երեսը:
Ըսե՜ք կխնդրեմ, մի նեղվիք,— ըսավ Էմիլը կնոջը՝ կեղծ զայրույթով և խնդաց։