միջնարարներուն կհանդիպեին ուրիշ ֆրանսիացիներու, իրենց նման կյանքի ալեկոծութենե մնացած բեկորներու, որոնք առավել կամ նվազ դժգոհ էին իրենց վիճակեն: Ներկայացումեն հետո միասին կերթային սրճարան մը և երկարորեն կխոսեին Ֆրանսիայի մասին խոր հայրենաբաղձությամբ, բայց ամենքն ալ հաստատ կեցած էին այն մտքին վրա, որ անգամ մը մայր երկրեն հեռանալե հետո տխմար բան էր այնտեղ վերադառնալ առանց հարստության։ Բայց այդ հարստությունը չէր գտած իրենց, և ամենքն ալ իրենց մաղձը կթափեին տեղացիներու վրա։ Կարծես թե տեղացիներն էին իրենց անհաջողության պատասխանատու։
Այն իրիկունը, երբ Ժոզեֆինը և Էմիլը մեկնեցան, Բարպան անոնց հետևեցավ մինչև սանդուղին գլուխը, հետո ձայն տվավ Վիկտորյային, որ լույս բերե բակը, և երբ լամպային լույսը պլպլաց, և բազրիքին ստվերը երկնցավ պատին վրա, Բարպան վերադարձավ թափուր սենյակը։ Միշտ տեսակ մը հուսախաբություն կգրավեր Բարպայի հոգին, երբ մինակը կվերադառնար սենյակ, բայց այդ իրիկուն խոր և անհաղթելի թախիծ մը տիրապետեց իրեն։ Անիկա հանկարծ մտատանջ վիճակի մեջ մտավ ու Միհրանը կանչեց, որ իրեն կարդա Էոժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները» գիրքը: Վաղուց սկսեր էին այդ ընթերցանությունը, բայց հաճախ կընդհատեին։ Միհրանը բացավ նշան դրած էջը և սկսավ կարդալ: Բայց այս անգամ ընթերցանությունը չէր փարատեր Բարպայի հոգեկան տագնապը։ Անիկա, հետևելով հանդերձ Ռիգոլետի պատմություններուն, հանկարծ մտածեց, որ իր ընկերները, բացի Վասիլեն, այլևս չէին գար իր տունը։ Դուրսը կտեսակցեին առաջվան պես, բայց նույնիսկ դուրսը, անսահմանելի բանով մը, իր ընկերները կարծես օտարացել էին։ Բարպան հանկարծ Միհրանին ընթերցումը ընդհատելով՝ հարցուց.
— Ու՞ր է Վիկտորյան։
— Խոհանոցն է,— ըսավ Միհրանը զարմացած, որովհետև Բարպայի ձայնին մեջ զգաց հետզհետե աճող զայրույթ: Բարպային կթվեր, որ Վիկտորյան ալ դիտմամբ կդանդաղեր, զինքը մինակ թողնելու համար։