— Մոսյո Հաշիկը մեր ամենուս քեռին է,— ըսավ Ժոզեֆինը, մեր Բարպան է, այնպես չէ՞, մոսյո Հաշիկ։
Վիկտորյան, որ կեղտոտ պնակներով բեռնավորված էր, երեսը դարձուց դռանը։ Միհրանը դուռը բացավ, և Վիկտորյան դուրս եկավ, իջավ սանդուղներեն, պնակները դրավ սեղանին վրա և պահ մը խոհանոցին մեջ կեցավ, կարծես ինքզինքը փնտրելով, և արցունքի վճիտ կաթիլ մը փայլեցավ անոր աչքին մեջ։
Երբ ճաշը վերջացավ, Ժոզեֆինը և Էմիլը ոտքի ելան: Անոնք ըսին, թե կարևոր այցելություն մը ունին ընելիք։
Քանի մը օրերե ի վեր Բեռնարները ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Իրիկուն մը, պառկելե առաջ, անոնք ըսեր էին իրարու,
— Այս բոլորը լավ, բայց կարելի է ըսել, որ ձանձրալի է մեռնելու աստիճան։
— Սիրտս կնեղացնե իր երանելի դեմքովը,— ըսեր էր Էմիլը, ակնարկելով Բարպային։
— Օ՜հ, լա՜, լա՜,— գոչեր էր Ժոզեֆինը,— կարելի է ըսել, որ ոտքերուն չափ տխմար է։
— Բայց, կատո՛ւս,— հարեր էր էմիլը,— հիմակ, որ քիչ մը դրամ կա տան մեջ, ինչո՞ւ զրկվինք հաճույքներե։
— Լա՛վ, տեղ մը երթանք վաղը իրիկուն։
— Կճաշենք սովորականին պես,— ըսեր էր Էմիլը,— հետո կըսենք, թե այցելության պիտի երթանք, և վերջապես, ոչ ոքի հաշիվ տալու պարտական չենք։
— Անտարակույս, հաշիվ չունինք տալու,— ըսեր էր Ժոզեֆինը։
Եվ այդ օրեն սկսյալ, Բեռնարները ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Անոնք կերթային Թոգաթլյանի հյուրանոցը և մեյ֊մեկ բենեդիկտին կամ կուանտրո կխմեին: Երբեմն ալ կերթային երգեցիկ սրճարանները, և Ժոզեֆինը խստորեն կքննադատեր երգչուհիները, որոնք չէին համապատասխաներ իր տեսած երգչուհիներուն, մանավանդ, իրենց մարմնի կազմով և արդուզարդով։ Երբ ֆրանսիական օպերետի խումբ մը եկավ Պոլիս, անոնք գացին, գրեթե ամեն իրիկուն, ներկայացումներուն։ Այնտեղ,