Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար հոգի կուտան, չեն կարող լուծել առեղծվածը, չեն կարող վերցնել իրենց մեջ եղած արգելքները․․․

Տարիներու ընթացքին բան մը մեկեն, բան մը մյուսեն լսելով և ավելի ուշ կողմնակի մարդիկ հարցաքննելով, Միհրանը տեղեկացած էր Սոֆյային և Վասիլին պատմություններուն և հասկցած էր, որ իրավամբ տեսակ-տեսակ ցավեր կան այս աշխարհիս վրա։

Ձկնորս Սեղբոսը կբնակեր Նարլը Գաբուի պարիսպներեն դուրս, մեծ մասամբ իր ձեռքով շինած փայտաշեն հյուղակին մեջ, իր կնոջը և չորս զավակներուն հետ, որոնցմե մեկը մանչ էր և երեքը աղջիկ։ Ամառվան տաքին և ձմեռվան ցուրտին ան իր նավակովը կհեռանար Մարմարայի ծովուն վրա և եղանակին համեմատ ձուկ որսալով՝ կհայթայթեր Սամաթիո, Գում Գաբուի, Ետի Գուլեի և Նարլը Գաբուի կապելաներուն և գինետուն-ճաշարաններուն , փոքր քանակով, բայց ընտիր ձուկեր։ Որդվոց որդի ձկնորս ըլալով, Սեղբոսը հիանալի կերպով գիտեր, թե ո՞ր եղանակին, ո՞ր տեսակը կանցներ այս կամ այն ուղղությամբ և ինչպես կարելի Էր ձեռք բերել, նույնիսկ եղանակեն դուրս, պարարտ և արծաթագույն թյունիկներ, ո՛չ շատ մեծ, ոչ ալ շատ մանր կարմրախայտեր, արմավի պես փոքր և ամուր ժայռաձուկեր, մսեղ և հյութեղ յուլիֆերներ և փայլփլուն սարդիններ։ Անիկա ծովը ավելի լավ կճանչնար, քան թե ցամաքը, և անիկա ծովի վրա միայն կդառնար քաջ, ճկուն, ճարպիկ և հնարամիտ։

Ան իր նավակը անվրեպ կտաներ Մարմարայի այս կամ այն կողմը, իրեն եղած պատվերի մը կամ ավելի շուտ իր ցանկության համեմատ, որոշ տեսակ մը ձեռք բերելու համար։ Ձկնորս Սեղբոսը գիտեր նաև երբ կարելի է բացվիլ, երբ վտանգավոր է. անոր կարծիքը, անթիվ անգամներ փորձված, վճռական էր մյուս ձկնորսներու համար։ Կպատահեր, որ երկինքը՝ ամպոտ և որոտուն, ծովը՝ մթագնած, Սեղբոսը նավակը քակեր և սլանար ծովուն վրա, այն ատեն վարանող ձկնորսները իրարու լուր կուտային.