Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սեղբոսը բացվեցավ, ըսել է բան չկա։

Անիկա փոքրահասակ, վտիտ անդամներով, որոնց հոդերը ուռած էին, աննշան երևույթով մարդ մըն էր։ Բաց ծովի քամին, ամառվան շոգը և ձմեռվան ցրտերը թխացուցեր էին դեմքը, այրեր էին մորթը և գունատեր էին մազերը։ Մացառուտ ալեխառն պեխերը կմտնեին բերանը, և երբ օղի կամ խահվե խմեր, նախ հաստ մատներով վերի շրթունքը կազատեր պեխի կարծր ստևներեն և մեկ ումպով օղին կլցներ բերանը։ Հոնքերը նույնպես թավ էին և կմտնեին աչքերուն մեջ. ան կնայեր կարծես խորամանկությամբ, թաքստոցի մը հանեն, բայց ամենքը գիտեին, որ անիկա անմեղ և պարզ մարդ էր և երեխայի պես միամիտ։

Երբ աղի ջրով միշտ թաց և լեցուն կողովը ձեռքը ան կմոտենար գինետուն մը, զինքը սիրով կընդունեին, և թե՛ խանութպանը, թե՛ հաճախորդները կհյուրասիրեին Սեղբոսը օղիով։ Անիկա կողովը կհանձներ տեղի տիրոջը և ո՛չ քանակի և ոչ ալ որակի մասին խոսք չէր ըներ և գոհ կըլլար, եթե ձեռքը դնեին քանի մը ղրուշ՝ իր և ընտանիքին համեստ օրապահիկը։ Ձկնորս Սեղբոսին ցամաքի վրա ունեցած շշմած երևույթը, իր շահերու համար ցույց տված անտարբերությունը, գրեթե հարատև արբեցությունը, համրության հասնող սակավախոսությունը ներշնչեր էին այն կարծիքը, որ ան գրեթե ապուշ մարդ է, այդ չէին ըսեր բացեիբաց, բայց խոսելով իր մասին՝ հեգնանքով կբնորոշեին, «Աղեկ մարդ է, ամա քիչ մը շատ անվնաս է․․․»։

Այս պայմաններուն մեջ ձկնորս Սեղբոսը չէր հասներ իր բազմանդամ ընտանիքին բոլոր պիտույքները հոգալու և կինը, Հեղինե, գիշեր–ցորեկ սյուզենի և դիվալ կբաներ և կերպով մը, մեծ դժվարություններով ծայրե-ծայր կհասցներ։

Դեկտեմբերի մը վերջին օրը, ցուրտ գիշերին, երբ Սեղբոսը ավանդական յոթ րախին և անշուշտ ավելին խմելե հետո տուն կվերադառնար՝ արբածի անտարբերությամբ դիմադրելով փուքին և ցուրտին, տեսավ, որ դեղին շունը կվազեր դեպի իրեն՝ խուլորեն կաղկանձելով։ Փողոցի հասարակ շուն էր ան, որ ձագ ունեցեր էր, և որուն համար Սեղբոսի երեխաները քարերով ապաստան մը շիներ էին, փսիաթի