Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ պիտի — բացականչեց Ղուկասը,— գերիի պես կաշխատին այդ գործատերերուն կալվածներուն վրա․․․ Մարդիկը իրենց գործը հաստատ բռներ են, կնիկները՝ ֆաբրիկան, էրիկմարդիկը՝ հողերուն վրա քրտինք կթափեն իրենց համար։ Հարցնող-փնտրողը ո՞վ է․․․ Ստամբուլի քթին տակ մարդիկ դերեբեյի կտրեր են․․․ ինչ ուզեն կընեն։

— Հապա գործադուլը ինչպե՞ս հառաջ եկեր է,— հարցուց Վասիլը։

— Է՛հ, ալ դանակը ոսկորին հասեր է․․․ Հիմա ալ քեզի բան մը ըսեմ,— ըսավ Ղուկասը, գլուխը մոտեցնելով Վասիլին,— ես գիտեր եմ, ան գործին մեջ, որ կիներն ալ կաշխատին, ուրիշ կերպ կըլլա. ավելի՞ սրտոտ են պիտի ըսենք, թե անոնց աչքը դառնա նե, ետև-առաջ չեն նայիր․․․ վեսելա՛մ, բան մը կա․․․— Մեր կնիկները տունի հանըմ են,— ըսավ Ղուկասը, խոր շունչ մը առնելով,– բան մըն ալ ընել ուզենք նե, մեր փեշերեն կքաշեն․․․ Մենք ալ արդեն ի՞նչ բանվորներ ենք որ,— ըսավ Ղուկասը հիասթափ մեկու մը արտահայտությունով,— հավնոցի թռչուններ ենք, թև չունինք, որ թռչինք։

Վասիլը ընդոստ դարձավ և նայեցավ Ղուկասին, բայց անիկա ինկեր էր կրկին հին ժամանակներու ափսոսանքին մեջ.

— Ժամանակով էսնաֆը․․․

Բայց Վասիլը, որ հազար անգամ լսեր էր Ղուկասի ափսոսանքները, անոր խոսքը ընդհատեց և հարցուց.

— Բարպան կտեսնե՞ս կոր, Ղուկաս։

— Բարպան,— ըսավ Ղուկասը՝ բառերը կշռելով,— աղվոր վիճակի մեջ չէ, վերջը գեշ է, ես կտեսնեմ կոր․․․ Ատ ֆրենկները քիթեն բռներ կխաղցնեն կոր․․․ Բարպան, խոսքը մեջերնիս, շատ ազնիվ մարդ է, բայց ատ կողմե պարապ է, ֆրենկ ըսե, հոգին առ, խելք հասնելիք բան չէ. ատչափ ալ միամտություն կըլլա՞, ճանը՛մ․․․

— Ես իրեն հետ պիտի խոսիմ,— ըսավ Վասիլը,— աչքը պիտի բանամ։

Ղուկասը թերահավատության շարժում մը ըրավ։ Վասիլը չի նկատեց այդ շարժումը, որովհետև անիկա շփոթ