Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով կմտածեր ծխախոտագործներու և մետաքսագործներու շարժումներուն մասին և տարտամորեն կզգար, որ այդ բոլորին և իրենց ընելիքներուն մեջ առնչություն մը կար։ Վասիլը կուզեր այդ բոլորի մասին խորհրդակցիլ Բարպային հետ, ունենալ անոր՝ հավատարիմ ընկերոջ աջակցությունը, բայց իր և Բարպային միջև պղտոր մշուշ մը կծածաներ, և այդ մշուշը Ժոզեֆինն էր։

— Ես կխոսիմ,— ըսավ Վասիլը վճռականորեն և սուրճի բաժակը ետ մղելով, ոտքի ելավ։

Այդ կիրակի, ուրեմն, առավոտյան, Բարպան սուրճը խմելե հետո հարցուց Վիկտորյային.

— Ի՞նչքան դրամ կա քովերնիս։

Վիկտորյան պատասխանեց.

— Դեռ երեք ոսկի ունինք, և քանի մը ղրուշ․․․

Քանի մը օր առաջ Բարպան բեռնարներուն խոստացեր էր տեղական ճաշ մը հրամցնել՝ ընտիր ձուկերով, բայց այդ ծրագիրը պետք էր իրագործել կիրակի օր մը, որովհետև ձկնավաճառներու շուկան կիրակի օրերը կունենային ամենեն ընտիր ձուկերը և հետո, ինքը այդ օրը ազատ կիլար և կրնար երթալ անձամբ ընտրել։

Բարպան ձգտում ուներ նախորդ իրիկվան իր ունեցած հուսախաբությունը ցրվելու․ անիկա կմտածեր, ուրեմն, այդ օրն իսկ ճաշը պատրաստել տալ, օրը անցընել ուրախ, Բեռնարներու հետ. ճաշեն հետո ալ միասին կերթային Բոմոնթի, այնտեղ գեղեցիկ բնության մեջ, երաժշտությունը լսելու․․․ Վերջապես, Բարպա Խաչիկը մտադրեր էր այդ խենթությունն ալ ընել և հետո լուրջ կերպով ինքզինքը հավաքել. անիկա կմտածեր տեղե մը վաշխով տասը-քսան ոսկի առնել, բացերը գոցել և, եթե հարկ ըլլար, բացառիկ գործեր փնտրել։ Բայց արդյո՞ք երեք ոսկին կբավեր այդ օրվան համար։

— Գինի մնացա՞ծ է, Վիկտորյա՛,— հարցուց ան հաշտ ձայնով։