մանիշակագույն և կապտորակ թևճակները, մարմարիոնի ճերմակ մակերեսին վրա, կպարզեին իրենց դեռ ցողաթուրմ և ընդհատված լողը: Կային լոստիներ, մեղմ-վարդագույն, որուն մեջ դեղին երանգ կա, սարտիններ, անցրուկներ՝ ասեղի պես նուրբ և ճշգրիտ, նվաղկոտ մեռլաններ՝ պղտոր աչքերով, կային դեռ ուրիշ այլանդակ երևույթներով ձուկեր՝ վիշապի և ձուկի խառն ձևերով, կարծես առասպելական կենդանիներ, դեղին սղոցաձև ատամնավոր շրթունքներով, սև ուլունքի պես դուրս նետված աչքերով, բազուկանման շոշափուկներով, գալարուն որդերով։ Ավելի հեռուն՝ շուկայի վերջավորությունը, ցուցադրված էին Թերսհանեի խոշոր ուլականջները՝ սև-կապտորակ, որոնց խեփորներուն վրա պինդ կպած ճերմկորակ ծովախիճերը և կանանչ ու աղյուսագույն մամուռները կարտաբուրեին ծովային բարկ, ֆոսֆորային հոտ, տափակ կամ խորդուբորդ ոստրեներ, սաղափի և բուստի երանգներով խեցիներ, բազմամատ ձեռքերու պես տարածված ծովի խխունջներ և, վերջապես, դարձյալ մարմարիոնի վրա զետեղված խեցգետիններ, աստակոսներ, որոնց մկրատներով վերջավորված և հանգուցավոր թաթերը կերկարեին անհամար ընչացքներու հետ, որոնց ուլունքի նման սև բիբերը դուրս կկարկառեին ցցված ջիղերու ծայրին և որոնց պոչը՝ մարմինը կազմող օղակներու հետզհետե ավելի փոքր վերջին օղակին հետ դարձած էր ներքև, և, վերջապես, ավելի նրբաճաշակներու համար երկու կարկինոսներ, որոնց մետաղյա կապույտ ցոլքերով և կարմրորակ բիծերով պատյանին տակ, ինչպես ամրափակ տուփի մեջ, կպարփակվեր լոստիի գույն և ախորժագրգիռ փափուկ մարմինը։
Ձկնավաճառներու այդ շուկային մեջ կային, ուրեմն, ինչ որ Վոսփորի ջուրերը և Մարմարան կարող էին հայթայթել ամենաընտիր և թանկագին։ Այդ շուկայի մեջ չէր կարելի գտնել այդ ձուկերը, ինչպես թյունիկ, թյունոս (բալամուտ) և խամսին, որ երբեմն Վոսփորը առատորեն կհայթայթեր, որոնց վտառները կխուժեին լայն նետված ուռկաններու մեջ և կպատռեին, քանդելով ուռկաններու վերտերը իրենց ծանրությամբ։ Ձկնորսները միացյալ ուժերով հազիվ կկարողանային ծովեն դուրս քաշել այդ հորդաբուխ որսը և հետո