Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կարծեց հիշել, որ անիկա, դեռատի աղջիկ եղած ատեն, նման էր իր տղուն։

— Միհրա՛ն,— ըսավ Բարպան,— կհիշե՞ս մարըդ։

— Կհիշեմ,— պատասխանեց պատանին, և անոր շրթունքները ստացան այնպիսի արտահայտություն, որ լռություն թելադրեց Բարպային։

Անոնք այլևս լուռ քալելով հասան երրորդության եկեղեցին, որուն ետևն էր ձկնավաճառներու շուկան։

Անմիջապես թարմ ձուկի, ծովի, ծովամամուռի թարմաշունչ հոտը դիմավորեց իրենց։ Փոքրիկ, լայնաբերան և խոնավ կողովներու մեջ դրված էին կապտավուն, արծաթագույն, վարդագույն, գորշ ընտիր տեսակի ձուկեր, յուրաքանչյուրը քիչ քանակությամբ և առանձին կողովներու մեջ, որոնք զետեղված էին բարձրադիր և երկար սեղանի մը վրա։ Այդ սեղանին ետևը, յուրաքանչյուր կրպակի առաջ, որոնք իրարմե բաժնված էին փայտորմով, ճերմակ մարմարիոնի վրա, դրված էին եղանակին համար հազվագյուտ ձուկեր, երեք-չորս հատ, կամ երբեմն մեկ հատ. երկարավուն տափակաձուկեր, որոնց կռնակի գորշագույնին վրա կային համաչափ մութ բիծեր, և որոնց փորի կողմը կաթի պես սպիտակ էր, լեզվաձուկեր՝ զարմանալի փոքր և տափակ գլխով, որոնց աչքերը, քով֊քովի, կարծես հոսեր էին, ջուրի մղումով, մեկ այտի վրա։ Պարարտ լևրեկներ՝ ճերմակ և մսեղ, թրաձուկեր՝ իրենց հասակեն ավելի երկար քիթերով, վահանաձուկեր՝ կոճակավոր կռնակներով, արծաթագույն յուլյուֆերներ՝ կարծես ձկնային ձև ստացած պաղպաջուն ջուրի խտացում, գրեթե թափանցիկ, թեթև մը կապտորած, հայսաձուկեր` սև և մանր, տեսակ–տեսակ կարմրախայտեր`ոմանք հազիվ վարդագույն, ոմանք բուստի գույն, ավելի մութ կամ ավելի բաց պիտակներով, ոմանք հրեշային խոշոր գլուխներով, որոնցմե դուրս կցցվեին պեխերու տրցակներ, և որոնց իրանը, հազիվ թե սկսած գլխու հաստությամբ, կվերջանար անմիջապես, սրածայր պոչի սատափյա հովահարը դեպի վեր ցցած. և վերջապես, ծիրանագույն արքայաձուկերու շարքը, մեծ ու պզտիկ, որոնց