Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երրորդության եկեղեցիին ետևի շուկային ձկնվաճառները ամենքն ալ հայ էին՝ թանձրամարմին, խաժ, սրատես աչքերով, խոժոռ հոնքերով, կախ պեխերով։ Անոնք կժպտեին ո՛չ աչքերով և ոչ ալ շրթներով, այլ իրենց լեցուն այտերով։ Անոնք դուրս եկած էին ծովափնյա արվարձաններեն, ուր իրենց մանկությունը անցեր էր կես մը ջուրի մեջ, կես մը ցամաքի վրա։ Անոնք, մեծ մասամբ, որդվոց որդի ձկնորսներ եղած էին և քաջասրտության, վտանգի դեմ խիզախելու, համերաշխությամբ գործելու — ինչ որ զարգացեր էր իրենց հայրերու և պապերու բնության տարերքներու դեմ պաշտպանվելու հարկադրութենեն — ավանդական սովորություններ ունեին, որոնք բնություն, գրեթե բնազդ դարձեր էին իրենց մեջ։ Անոնք նաև ինքնահատուկ բարություն ունեին: Երբ չքավոր հիվանդի տեր մը ձկնավաճառներու շուկան իյնար՝ հիվանդի ցանկություն մը գոհացներու համար, և կամ հեքիմի մը պատվերով թանկարժեք և հազվագյուտ ձուկ մը փնտրեր, ուրկե կսպասվեր հրաշք, ինչքան ալ խոնարհ երևույթ ունենար այդ անձը կամ կինը, ինչքան ալ ուզեր աննկատելի անցնիլ, ձկնավաճառները կհասկնային և ընդառաջ կերթային անցորդի պահանջին.

— Մարի՛կ, կարծեմ պատճառ ունեցող ունիս։

Կինը երբեմն գլխով այո կըսեր և վախվխելով կուտար ուզած թանկագին ձուկին անունը, երբեմն ալ աչքերը կլեցվեին և կբացականչեր.

— Ա՜խ, էրնեկ պատճառ ունեցող ունենայի. ճահիլ-ճիվան տղաս ամիսներե ի վեր պառկած է, հոգին թեքեր ուզեց։

Ակնավաճառները սիրով կսպասարկեին և իրենց ապրանքին լավագույնը կուտային։ Եվ երբ կինը, դողդղացող մատներով, ուզեր թաշկինակին ծայրը կապած դրամը քակել, անոնք կմերժեին։

— Ժամանակ մի կորսնցուներ, մարի՛կ,— կըսեին,— հոգ չէ, թող տղադ աղեկնա, ինքը կանցնի կվճարե. հայդե՛, շո՛ւտ տուն գնա։

Անոնք կծաղրեին կղերականները, հակառակ որ իրենց լավագույն հաճախորդներն էին, բայց եթե հարկ ըլլար,